Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ:
ԱԹՍ-ները հարվածել են Արցախում գտնվող երեք զորամասերի վրա, որոնց հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ և զոհեր: Թեմայի շուրջ զրուցել ենք «Արդարություն» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
«Պատահական չէր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի այս վերջին օրերի ակտիվությունը: Իրենք սինխրոն աշխատում են Ադրբեջանի հետ:
Այսօրվա հայտարարությանն էլ, որ ուշադիր լինենք, կնկատեք, որ այն, ինչ մենք ասում էինք ուղիղ մեկուուկես ամիս՝ այն է, որ նոյեմբերի 9-ի 6-րդ կետը չի համապատասխանում այսօր կառուցվող ճանապարհին, մեզ թիրախավորում էին, սխալ հանում, քարկոծում, քննադատում:
Բայց, չգիտես ինչու այսօրվա իր հայտարարության մեջ Արմեն Գրիգորյանը մեր նույն միտքը կրկնեց: Տարօրինակ չէ՞ր իրենց մտքերի փոփոխությունը այս մեկուկես ամսվա մեջ: Տեսեք, վերջին օրերին Զանգեզուրի միջանցքի ինչ ուժեղ ճնշումներ են Ադրբեջանի կողմից գնում, և նաև հանրությանը շեղում են Լաչինի միջանցքով:
Չնայած նրան, որ Արցախի իշխանությունները ամբողջովին կիսել են պատասխանատվությունը տեղի ունեցածի մասով, այնուամենայնիվ ինքը բանակցող կողմ չէ, դա պետք է փաստել ու չանձնավորել, ու կապ չունի այստեղ ով է նախագահը, որովհետև այստեղ մարդկային գործոնը ընդհանրապես կապ չունի:
Որքան ժամանակ է գիտեք, որ արցախյան իշխանությունների և հայաստանյան իշխանությունների միջև ընդհանրապես որևէ համագործակցություն չկա: Արցախը պարզապես օգտագործում են հայաստանյան իշխանությունները և դրել են բանակցային սեղանին: Նրանք զոհելու են ինչ-որ մի բանը ինչ-որ մի բանը փրկելու համար:
Լավ հիշեք իմ այսօրվա խոսքերը, անպայման դա լինելու է, դա իրենց գործելաոճն է:Այս ամեն ինչը շատ նման է 2020 թվականի ամռանը, բայց մի տարբերությամբ, որ ինչքան էլ փորձում են այս ամեն ինչով բարոյազրկել նաև ռուս խաղաղախահ զորախմբին, միևնույն է չենք կարող չփաստել, որ եթե այսօր ռուս խաղաղապահներն այստեղ չլիեին, հաստատ ուրիշ կերպ էր այս ամեն ինչը լինելու:
Սա իրենց խաղաղության օրակարգն է և այդ խաղաղության օրակարգում այսօր ունենք վիրավորներ և զոհեր: -Ռուս խաղաղապահներ եղել են այդ հատվածում, որտեղ որ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել: -Ես չեմ կարող այս պահին ասել, թե այնտեղ այս պահին ռուս խաղաղապահներ կան, թե ոչ, բայց կան մանրամասներ, որոնց ես տիրապետում եմ, բայց, ցավոք չեմ կարող ասել, որովհետև դա իմ իրավասությունների մեջ չի մտնում:
Հայտարարություններն այն մասին, որ՝ բա ուր էր, որ օդը փակ էր, ոնց եղավ, որ ԱԹՍ-ն ընկավ, դա այդքան էլ այդպես չի: Չի կարելի հիմա խոսել դրա մասին: Ամեն դեպքում ամեն ինչ արվում է: Այն խեղճ ու ողորմելի վիճակը,որ հիմա փորձում են ներկայացնել մեդիա ընկերություններ կամ անհատներ՝ բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Չի կարելի այդքան ստորացնել՝ ոչ մեր զինվորին, ոչ մեր պաշտպանության բանակին, ոչ էլ ռուս խաղաղապահների դերակատարությունը Արցախում։
Սա շատ ավելի սարսափելի հետևանք էր ունենալու, եթե մեր զինվորը տեղում չլիներ, մեր ՊԲ-ն իր գործողությունները չկատարեր,և ռուս խաղաղապահը չաներ այն ամեն ինչը, ինչը այս պահին համենայնդեպս կարողանում է անել։ -Ինչ վիճակ է Արցախում, խուճապ կա, մարդիկ արդյոք լքու՞մ են իրենց տները, թե՝ոչ: — Անընդհատ կապի մեջ եմ մարդկանց հետ, ճիշտ է՝ չեմ կարող 120 հազարի հետ էլ կապի մեջ լինել, բայց չեք պատկերացնի, թե ինչքան են գրում, զանգում:
Հիմա լրիվ այլ մտածելակերպ է մարդկանց մոտ. այն ժամանակ 2020 թվականին շատերին էին շեղել ու տարհանման՝ իբր փրկության անվան տակ, ասում, որ երեխաներին տանեն ավելի ապահով կլինի, հիմա՝ չկա դա: Հակառակը՝ հիմա բոլորն ասում են, որ այլ կերպ են մտածում, ու երեխաների հետ էլ պիտի մնան Արցախում, ու չեն էլ մտածում հեռանալու մասին, հասկանալով, որ 2020 թվականին՝ սխալ էր կանանցով, երեխաներով դուրս գալը այստեղից, ու եթե չհեռանային, պատերազմն այլ ընթացք կունենար:
Ամեն դեպքում չկա նման ինֆորմացիա, որ մարդիկ գնում են Արցախից:Շատ լարված է, լռություն է, ձայն, շշուկ չկա Ստեփանակերտում: Ինչևիցե, փորձում են խուճապի չմատնվել՝ հասկանալով, որ դա լինելու է հենց մեր առաջին պարտությունը։ -Նոյեմբերին կնքած այդ եռակողմ պայմանագրում չկա որևէ կետ, որը կփաստի, որ Բերձորն ու Լաչինն էլ է հանձնվելու թշնամուն: Ինչ են մտածում և անում արցախյան իշխանությունները:
— Ուղիղ 1,5 ամիս առաջ մենք դա ասում էինք, ինչու բոլորը սկսեցին այսօր խոսել դրա մասին։Երբ կարելի էր ինչ որ բան անել՝ լուռ էին, մենք էինք միայն խոսում: Հիմա, երբ եկել է օրհասական պահը, ստացվում է, որ Արցախը հանձնում է Բերձորը,Աղավնոն,Սուսոն:Արի ու տես, որ կան փրկիչներ, որոնք հիմա են խոսում մի բանի մասին, ինչը մենք 1,5 ամիս է ասում էինք: Արցախը ոչինչ չի հանձնում, Արցախի իշխանությունները չեն կարող հանձնել կամ հանձնման որոշում կայացնեն, ուր էր մեզ տենց բախտ, որ կարողանայինք այսօր ինչ -որ որոշում կայացնել:
Ցավոք սրտի Նիկոլ «փրկիչն է» որոշում կայացնողն էլ, հանձնողն էլ: Մենք՝ այստեղ բոլորս, ապրիլի 14-ի մեր որոշման հավատարիմն ենք, և այն ինչ վերաբերում է Արցախին՝ մենք փորձում ենք ընդհանուր մտքեր ձեւավորած գնալ առաջ: Բոլորս այստեղ ճանապարհներ ենք փնտրում, մտածում՝ ինչ անենք լավագույն տարբերակով դուրս գալ այս իրավիճակից։