ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը օգոստոսի 3-ին հայտարարություն է արել Արցախում իրադրության լարվածության կապակցությամբ:
Նահանգները մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման, զոհերի և վիրավորների կապակցությամբ, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և իրավիճակը կայունացնելու համար:
Միաժամանակ, Նահանգները ընդգծում է, որ լարվածությունը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրանից բխող հարցերի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
Նախ, հարկ է ուշադրության արժանացնել, որ Նահանգները օգտագործում է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, թեև դրան վճռորոշ նշանակություն տալը, համենայն դեպս այս փուլում, թերևս կլինի չափազանցություն:
Առավել կարևորը շարունակում է լինել այն, թե Միացյալ Նահանգներն ինչ պատկերացում, կամ ավելի կոնկրետ՝ ինչ առաջարկ ունի հակամարտ կողմերին, այն համապարփակ և կայուն կարգավորման մասով, որ հիշատակում է պարբերաբար:
Օրերս ԱՄՆ բարձրաձայնեց առնվազն մեկ առաջարկի առկայության մասին, որն ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող տեխնիկական աջակցության:
Սակայն ինչ է այն ենթադրում, որքանով է այն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ընդհանրապես, ինչն ընդգրկում կարող է ունենալ քաղաքական արժեքի և ազդեցության իմաստով, հարցեր են, որոնք բաց են:
Այդ առաջարկի առկայության մասին ԱՄՆ գործնականում առաջին անգամ հայտնեց օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերից հետո՝ Երևան և Բաքու:
Ընդ որում, հարկ է նկատել, որ իրադրությունը ռեգիոնում սրվեց դրանից հետո: Թե որքանով է կապն ուղիղ, կամ ինչ համատեքստում կարող է լինել անուղղակի ազդեցություն, բարդ է ասել:
Բլինքենի զանգերն էլ հաջորդել էին Թեհրանում ՌԴ, Իրան, Թուրքիա եռակողմ հանդիպմանը: Ինչից առաջ էլ տեղի էր ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրենի ուշագրավ այցը Կովկաս: Դրան անմիջապես հաջորդեց ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի այցը Երևան և Բաքու:
Այդպիսով, ի՞նչ է առաջարկում ԱՄՆ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և կայյուն կարգավորման համար, ինչպես նշվում է պարբերաբար, հատկապես լարվածություններից հետո:
Մեծ հաշվով, այդ ձևակերպումը կարծես թե պարունակում է ադրբեջանական ագրեսիան արդարացնող տոնայնություն, որովհետև ստացվում է, որ՝ «եթե չեք ուզում լարվածություն ու բախումներ, ուրեմն գնացեք ընդգրկուն կարգավորման»: Իսկ հայտնի է, որ Ադրբեջանն այդ «ընդգրկուն» կարգավորման մաս է փորձում դարձնել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»:
Եվ ուրեմն, ո՞րն է այդ առնչությամբ Նահանգների «տեխնիկական աջակցության» առաջարկը, արդյո՞ք Վաշինգտոնը կփորձի առավել բացել փակագծերը հանրությունների համար: