Փաշինյանի «մարտահրավերը» միջազգային հանրությանը. Ո՞վ է պատրաստ

Ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի առնչությամբ Հայաստանի վարչապետ Փաշշինյանի հարցադրումները, որ արեց օգոստոսի 4-ի կառավարության նիստում, անկասկած համարժեք են այն իրավիճակին, որ ստեղծվել է Արցախում:

Ընդ որում, այդպիսի իրավիճակ ստեղծվում է պարբերաբար, տարբեր տրամաչափի լարվածության բռնկումներով: Այդ պայմաններում միանգամայն համարժեք և օբյեկտիվ է,

երբ Երևանը դնում է խաղաղապահ մանդատի արդյունավետության հարց, հավելելով, որ, եթե առկա մեխանիզմները բավարար չեն դրա համար և չեն չեզոքացնում Արցախի հանդեպ էթնիկ բնաջնջման, տեղահանման սպառնալիքները, ապա պետք է մտածել ռուս խաղաղապահների մանդատը միջազգային մեխանիզմներով համալրելու մասին:

Ինչպես դիտարկել էի նախորդիվ, այստեղ իհարկե Երևանի հայտարարությունը հնարավոր է գնահատել կամ իբրև ակնարկ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի հասցեին, կամ նաև Ռուսաստանի աջակցությունը վայելող ակնարկ՝ զգուշացում Ադրբեջանին:

Միևնույն ժամանակ, թերևս հարկ է դիտարկել նաև երրորդ տարբերակը՝ Փաշինյանը փորձում է իրադրության հետ առերեսել նաև միջազգային հանրությանը կամ այլ դերակատարների, որոնք օրինակ մտահոգություն են արտահայտում լարվածության կապակցությամբ և կոչ են անում քայլեր ձեռնարկել լիցքաթափելու, բախումներ թույլ չտալու համար:

Հայաստանի վարչապետի հայտարարությունը փաստորեն «գնդակը տեղափոխում է միջազգային հանրության դաշտ»:

Իսկ պատրա՞ստ է այդ հանրությունը, այդ հանրության առանձին դերակատարները, նույն իրենք՝ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ ստանձնել պատասխանատվություն Արցախում խաղաղության ապահովման գործնական քայլերի համար:

Թե՞ այդուհանդերձ աշխարհաքաղաքական «կոմֆորտի գոտի» է, երբ ծանրագույն և բարդ հարցում խաղաղության պատասխանատվությունը աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի վրա է, և ինչը անթերի ապահովելը ակնհայտորեն վեր է նրա ներկայիս ուժից՝ մի շարք պատճառներով, անկախ ցանկությունից:

Ի վերջո, Մոսկվան Արցախում խաղաղապահ առաքելության տեսքով մի կողմից ընդլայնել է իր ռազմական ներկայությունը Կովկասում, մյուս կողմից ուկրաինական պատերազմի ահռելի բեռը լրջագույն քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական ծանրություն է ավելացնում այդ մանդատի այսպես ասած ինքնաբավ իրացման գործում, ստիպելով ավելի շատ զգալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության կարիքը:

Իսկ, երբ օրինակ Եվրամիության հանձնաժողովի նախագահը Բաքվի հետ կնքում է էներգետիկ մատակարարումները ավելացնելու հուշագիր, այստեղ արդեն Ադրբեջանը ՌԴ հանդեպ դառնում է էլ ավելի ինքնավստահ, դրանից բխող հնարավոր ռիսկերով:

Այդ կերպ, մի կողմից ՌԴ ռազմա-քաղաքական ձեռքբերում թվացող խաաղաղապահ մանդատը և փաստացի արցախյան ռազմական ներկայությունը, հակառակ կողմից վերածվում է լուրջ բեռի և ծուղակի, ըստ այդմ առաջացնում հարց՝ իսկ ո՞վ կհամաձայնի թեթևացնել Ռուսաստանի այդ բեռը, թերևս Թուրքիայից բացի՝ իհարկե:

https://www.1in.am