Ռուսները խաղաղապահ չեն, այլ. Ահա թե ովքեր են նրանք՝ ըստ Արամ Սարգսյանի

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․



«Նման իրավիճակներում միշտ նախընտրել եմ սեղմ հոդվածի ժանրը: Եվ, ուրեմն՝ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք:




Որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի մեկնաբանել, տրամաբանական է: Որ ՌԴ-ն չի կարողանում, կամ չի ուզում արբիտրություն անել, արդեն փաստ է։



Ոմանք ասում են՝ եկեք ռուսներին համոզենք, որ մեր կողմից լինեն, որովհետև այլընտրանք չունենք, որովհետև խաղաղապահների հաջողված օրինակ չկա, որովհետև խաղաղապահներին փոխելը տարիներ է տևելու։

Ընդհանուր ենթատեքստում նրանց ասածը խորհրդարանական ընդդիմության ասածից չի տարբերվում, որ ասում են, թե Նիկոլին Պուտինը չի վստահում, հետևաբար Նիկոլին փոխենք, որ կարողանանք ՌԴ-ին համոզել։

Նման տեսակետները բոլոր առումներով խոցելի են: Նախ՝ դուք Ռուսաստանին ինչպե՞ս եք համոզելու, եթե ինքներդ հիմնավորում եք, որ այլընտրանք չունեք, ուզենք-֊չուզենք ռուսն է։

Այլընտրանք չունեցողին չեն օգնում, իրենց կամքն են պարտադրում։ Երկրորդ՝ այլընտրանք կար պատերազմից հետո (սկանդինավներին նկատի ունեմ), այլընտրանք կա նաև հիմա ՄԱԿ-ով և Մինսկի խմբի համանախագահների ներգրավումով։ Խաղաղարարների հաջողված օրինակներ էլ, իհարկե, կան, մանիպուլյացիա է հակառակը պնդելը, օրինակ Կիպրոսը, նույն Կոսովոն:

Արցախում կանգնած խաղաղապահների տարբերակով խայտառակ տարբերակներն են քիչ, որ խաղաղապահի աչքի առաջ 100-ավոր գերիներ վերցնեն, կամ խաղաղապահը իր հարմարության համար տարածքներ հանձնի ու միշտ պարտված կողմինը։

Նախ՝ ռուսները խաղաղարար չեն, նրանք շահագրգիռ կողմ են և պատերազմով իրականություն են դարձրել իրենց համար շահեկան Լավրովյան պլանը, երկրորդ՝ խաղաղարար մանդատ կարող է տալ միայն ՄԱԿ-ը, և՝ երրորդ, խաղաղարարը բազմազգ պետք է լինի, որպեսզի ոչ թե մի երկրի, այլ համամարդկային շահ սպասարկի։

Ինչ վերաբերվում է խաղաղապահներին փոխելու ժամանակատարությանը, այսօրվա տեխնիկական հնարավորությունների պարագայում 1960 զինվոր, կամ եռակի ավելին, Արցախում տեղակայելը մեկ շաբաթվա խնդիր է:

Կարևորը այլընտրանքին հասնելու ցանկությունն է, և այդ ի ցույց դնելու խիզախությունը, որովհետև ռուսները իրենց պայմանավորվածությունը դեռ պատերազմից առաջ ունեին, և դա մեզ հետ չէր։

Ասածս շատ պարզ է, ու այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ներկա լինելու հայտ են ներկայացնում, գոնե այսքանը, կարծում եմ, պետք է հասկանան»։