Ահա թե ինչ կարևոր խնդիր լուծեց Շարլ Միշելը Բրյուսելում

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հերթական հանդիպումը լավատեսությա՞ն, թե՞ անհանգստության հիմք է: Հայաստանում հանդիպումից հետո քննարկվում են այդ հարցերը, իհարկե քաղաքական «ճաշակի» կամ համակրանքի «պրիզմայով»: Այսինքն, քաղաքական իշխանությանը համակրողնների համար Բրյուսելը չունի տագնապի կամ անհանգստության հիմք, իսկ քաղաքական հակառակորդների կամ ընդդիմախոսների համար՝ Բրյուսելը ձախողում է, բացթողնված հնարավորություն և այլն:



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ի կառավարության նիստում անդրադառնալով հանդիպմանը նշել է, որ քննարկումը բավականին ծավալուն է եղել, չի եղել հեշտ, բայց հայկական կողմը շարունակում է մնալ իր հայտարարած նպատակադրումների՝ խաղաղության օրակարգի շրջանակում և շարժվելու է այդ ճանապարհով: «Եվ այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն», հայտարարել է Փաշինյանը, ասելով, որ պետք է կենտրոնանալ այդ խնդրի լուծման վրա, քանի որ հանրությունն էլ ակնկալում է, որ օր առաջ հաստատվի կայուն խաղաղություն:



Բարդ և ծանր հանդիպման մասին խոսել է նաև Բաքուն, իհարկե ավելի շատ քարոզչամիջոցների «բերանով»: Շարլ Միշելը գրառում է արել, որ հանդիպումը կառուցողական էր: Պետք է խոստովանել, որ զուտ հրապարակային մակարդակում եղած տեղեկատվության պարագայում շատ բարդ, ու թերևս նաև խաբուսիկ կարող է լինել որևէ գնահատական, քանի որ հանդիպումը անկասկած ունի իր «փակ» տրամաբանությունն ու բովանդակությունը և դրանից հետո հնչող հայտարարությունները անշուշտ արտահայտում են ոչ ամբողջական պատկեր ու տրամադրություն: Մեծ հավանականությամբ, Բրյուսելի հանդիպմանը ԵԽ նախագահ Շարլ Միշելը ինքնին դրել է համեստ խնդիրներ:


Մասնավորապես, հիմնական հարցը, որ փորձել է լուծել ԵԽ նախագահը, թերևս բրյուսելյան ձևաչափի պահպանության, այսպես ասած «կենդանության նշանների» խնդիրն է, որ հաջողվել է լուծել, այդ թվում նաև նոյեմբերին նոր հանդիպման մասին համաձայնությամբ: Սա բոլորովին չի նշանակում, թե Միշելը չի փորձել հասնել ավելիին, մասնավորապես օրակարգային այն հարցերում, որոնց մասին խոսել էր հանդիպումից հետո: Կրկնեմ, խոսքն այն մասին է, որ Միշելը թերևս չի ունեցել ավելիին հասնելու պատրանք, թերևս լավ հասկանալով նաև, որ ներկայումս բավականին սուղ է այդ հնարավորությունը ոչ միայն աշխարհաքաղաքական միջավայրի և մթնոլորտի, այլ դրանում Եվրամիության էական խնդիրների, խորքային խնդիրների և հետևաբար արտաքին քաղաքական բավականին թուլացած կարողունակության առումով:



Եվրոպան ինքն այսօր կանգնած է իր այսպես ասած միասնականության և հավաքականության պահպանման լրջագույն մարտահրավերի առաջ և մտածել, որ այդ պարագայում այն կարող է լինել արդյունավետ, նախաձեռնող միջնորդ հայ-ադրբեջանական բարդ խնդրում՝ ակտիվ և առավել կենսունակ այլ դերակատարների ֆոնին, թերևս կլիներ բավականին լավատես դիտարկում: Ըստ ամենայնի, Շարլ Միշելը գործել է իրատեսությամբ և այդ առումով ձգտել գոնե այս փուլում լուծել մեկ խնդիր՝ պահել Եվրամիությունը խաղի մեջ մինչև նոյեմբեր:

https://www.1in.am/3159276.html