Յովանովիչը նկատի է ունեցել Մեղրիի տարբերակով փոխանակման կապը Հոկտեմբերի 27-ի հե՞տ․ ԱՄՆ նախկին դեսպանի սենսացիոն բացահայտումը

2022-ի մարտին լույս է տեսել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի «Դասեր եզրից. հուշեր» (Lessons From The Edge: A Memoir) ինքնակենսագրական գիրքը: Գրքի մեջ Յովանովիչը գրում է տարբեր երկրներում իր դիվանագիտական ծառայության տարիների մասին: Յովանովիչի հուշերի գլուխներից մեկը նվիրված է Հայաստանում նրա պաշտոնավարման շրջանին, որում ուշագրավ մի շարք դրվագներ ու մեկնաբանություններ կան:



ԱՄՆ նախկին դեսպանը հետաքրքրական և սենսացիոն նկատառում է անում գրքի մեջ Ղարաբաղյան հակամարտության ու Հայաստանի ներքին գործընթացների կապի մասին: Նա, մասնավորապես, գրում է.



«Հայաստանի որևէ ղեկավար, որը պատրաստակամություն է ցուցաբերել զիջումերի գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, ռիսկի տակ էր դնում սեփական կարիերան և նույնիսկ կյանքը: Լեռնային Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականության հարցում անհամաձայնությունները մեծ դեր են խաղացել 1998-ին Հայաստանի նախագահի հրաժարականի և 1999-ին վարչապետի, խորհրդարանի խոսնակի և այլ պաշտոնյաների սպանության մեջ»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն իր հոդվածում նշում է, որ փաստորեն Հայաստանում Միացյալ նահանգների նախկին դեսպանը ուղիղ տեքստով պնդում է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարաձայնությունների պատճառով է իրականացվել: Հայաստանում ևս, իհարկե, բազմաթիվ վարկածներ են տարիների ընթացքում շրջանառվել, որոնք հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կապել են հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Այնուամենայնիվ, սա, ըստ Գրիգորյանի, կարծես թե, առաջին դեպքն է, երբ օտարերկյա նախկին բարձրաստիճան դիվանագետ է այսօրինակ պնդում անում:

Հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են՝ ահաբեկչությունը ուղիղ կապ ուներ Մեղրիի տարբերակով փոխանակման հետ, ինչին դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի զոհի իրավահաջորդի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանն ասաց՝ միանշանակ համաձայն է Յովանովիչի գնահատականների հետ։ Մեր զրուցակիցը կարծում է, որ նախկին դեսպանը նկատի է ունեցել հենց Մեղրիի տարբերակով փոխանակման հարցը․ «Հենց այդ տարբերակով փոխանակման  հնարավորության պատճառով տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը անվտանգության խորհրդի նիստում հանդես են եկել Մեղրիի տարբերակի դեմ։ Ամբողջ պատմությունը դա է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Եղիազարյանը չմտաբերեց որևէ դեպք, երբ բարձրաստիճան որևէ դիվանագետ այս տարիների ընթացքում ուղիղ նման հայտարարություն աներ, սակայն հիշեցրեց ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Լիտվինենկոյի ասածներն առ այն, որ այդ ահաբեկչությունը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները․ «Ոչ մեկ նրան չէր խնդրել նման բան ասել, բայց  երբ նա թունավորված էր արդեն, մահից մի քանի օր առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ։ Երբ  հիմա էլ խոսում են Հոկտեմբերի 27-ի բացահայտման հնարավորության մասին, մեր կարծիքը հետևյալն է՝ ռուսական շահերը թույլ չեն տա, որ Հայաստանում լիարժեք դատավարություն տեղի ունենա։ Այսինքն՝ ամեն կերպ կփորձեն խոչընդոտել այդ ահաբեկչության բացահայտմանը։ Շատ լավ է, որ Յովանովիչն իր գրքում արտահայտել է մեր բոլորի կարծիքը։ Մենք գիտենք, թե ինչու դա տեղի ունեցավ։ Ես մշտապես ասել եմ՝ այդ ահաբեկչությունը բացահայտված է, հարցում արեք՝ բոլորն էլ անուն կտան։ Եվ բոլորն  էլ գիտեն, թե ինչ պատճառով դա տեղի ունեցավ»։

Ի դեպ մեր զրուցակիցը համարում է, որ Ռուսաստանը ևս կողմ էր Մեղրիի տարբերակին։ Դրա վկայություններից մեկն էլ այժմ Մոսկվայի կողմն լինելն է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը ևս կարծում է, որ Հոկտեմբերի 27-ը կապ ունի Մեղրիի տարբերակի հետ։ Մեր զրուցակցի կարծիքով՝ հավանաբար ԱՄՆ նախկին դեսպանը ղարաբաղյան հակամարտության շուրջ տարաձայնություններ ասելով հենց դա է նկատի է ունեցել․ «Մեծ հաշվով եթե նայում ենք՝ դա էլ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ։ Բնականաբար եղել են տարաձայնություններ ու մենք բոլորս գիտենք, թե դա ինչ հետևանք ունեցավ։ Տարբեր առիթներով մենք էլ նշել ենք, որ չի բացառվում, որ այդ ահաբեկչության պատճառներից մեկն էլ Մեղրիի տարբերակն է եղել, որին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ էին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հարությունյանի՝ հարցին պետք է նայել, թե այդ սպանդն անելուց հետո ով շահեց։ Իսկ այդ հարցի պատասխանը մեր զրուցակցի կարծիքով ակնհայտ է։

Հիշեցնենք, որ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ։

Մեղրիի մեկ այլ տարբերակ էլ, ըստ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի առաջարկել են Մինսկի խմբի համանախագահներն արդեն հոկտեմբերի 27-ից հետո՝ դեկտեմբերի 11-ին։ «Առաջարկեցին երկրորդ տարբերակը՝ զրոյական կետով։ Դա (Մեղրիի-խմբ.) շրջանի կեսն էր, բայց կար զրոյական կետ, որը որ ես հարցրեցի, թե ո՞վ է վերահսկում, իրենք պատասխանեցին՝ Ադրբեջանը։ Եվ նույն պատասխանը ես տվեցի, որ սա չի ապահովում Հայաստանի անվտանգությունը»,- ասել է Հարությունյանը։

https://www.1in.am/3159312.html