Հասյաստանի վարպետաց քաղաքը հայտնվել է ճոխության կոնվեյերի աղորիքում… Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն

Հասյաստանի վարպետաց քաղաքը հայտնվել է ճոխության կոնվեյերի աղորիքում



Գյումրին նշում է քաղաքի օրը՝ արդեն վերապրումը գտածի ուժով։Սա կհասկանան նրանք, ովքեր չեն մոռացել երկրաշարժից մնացած տասնամյակների գերեզմանային լռությունը։



Հիմա քաղաքը ճախրում է՝բառի ամենալայն իմաստով, դուրս գալիս չքավորի հագ ու կապից,
ընտելանում երգ ու աղմուկին, ծափ ու ծիծաղին, որը հիմա էլ սպառնում է այդ աղմուկի
հատակին թողնել քաղաքի տիրոջը՝ ապրելու մշակույթը արարողին, պատվի ու հարգանքի նշաձողը սահմանողին, հավաքական գյումրեցուն, որին կորցնելը կլինի հաջորդ աղետը, երբ կփնտրեք ամեն անկյունում ու չեք գտնի քաղաքի պոետին ու երգչին, քաղաքի դարբնին ու հացթուխին, որովհետև նրանք դառնում են անտոմս ուղևորներ այս անանցյալ ճոխության կոնվեյերին, որի թափանիվը մի օր էլ չի խնայի քաղաքի տխրության պահապանին, քաղաքի նախշաքարերը լվացող խենթին, քաղաքի դարդ ու ցավը եկեղեցի տանողին, առանց որի այստեղ պատմություն չի գրվել՝մի պարզ կանոնով․

Գյումրին կերպարի քաղաք է, առանց նրա անտեր կմնա վարպետաց դուռը։Նրանք, ովքեր գիտեն ինչ է դա, հաստատ կտխրեն, ինչպես տխրում են թանգարանում, արդեն ապակե վանդակի տակ պահվող նմուշի առջև։Դրա համար էլ հիմա է պետք տեր կանգնել քաղաքի ճախրանքին, որ հետո չասեք իմաստության քաղաքից մնաց փողի ու ստամոքսի խրատը, Գյումրիի կարմիր գրքում Ֆայտոն Ալեք մխիթարանքով․․․

Նվեր Մնացական