Կադիրովը փոշմանել է. ինչ է կատարվում Պուտինի շուրջ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը իր Տելեգրամ ալիքով հերքել է «անժամկետ արձակուրդ» գնալու իր իսկ հայտարարությունը, ասելով, թե փոշմանել է և իրեն չի համարում այդ պաշտոնին չափիզ շատ մնացող: Կադիրովը օրեր առաջ գրել էր, թե պատրաստվում է հեռանալ: Նրա այդ գրառումը թե Ռուսաստանում, թե ՌԴ սահմաններից դուրս՝ այդ թվում Հայաստանում, տվել էր մի շարք դատողությունների, դիտարկումների առիթ, թե «առնետները փախչում» են խորտակվող նավից, և այլն, և այլն:

Պետք է նկատել, որ Չեչնիայի նախագահը ռուսական ներքին հիերարխիայում ունի այնպիսի դերակատարում, որ նրա հայտարարությունն իրապես կարող էր արժանանալ մեծ ուշադրության և տալ ամենատարբեր գնահատականների կամ ենթադրությունների առիթ, այդ թվում այն մասին, որ հնարավոր է Պուտինի համակարգը ճաք է տալիս և սկսում է քանդվել ուկրաինական պատերազմի հետևանքով: Առավել ևս, որ Կադիրովը առանցքային դեր էր ստանձնել նաև պատերազմի քարոզչական շրջանակում: Ի դեպ ուշագրավ է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ նա կարծես թե «քաշվել» է հետին պլան:

Բոլոր դեպքերում, գրառումն իրապես արտառոց էր, և ահա՝ Կադիրովն ինքը հերքում է և հայտարարում, որ համարում էր, թե ինքը երկարակյաց պաշտոնյա է և չափից շատ է նստել, բայց հետո պարզել է, որ ինքն այնքան էլ երկարակյաց չէ. իր պաշտոնին է 15 տարի, մինչդեռ ռեգիոնալ ղեկավարի պաշտոնի «ռեկորդը» 27 տարին է և Կադիրովը հայտարարել է, որ որոշել է հասնել և գերազանցել այդ ռեկորդը: Նա հայտարարել է, թե հեռանալը կլիներ անպատասխանատու, քանի որ ժողովուրդը վստահել է իրեն: Արդյո՞ք Կադիրովի այսպես ասած առաջին գրառումն արվել է «ոչ սթափ» վիճակում և նրան «սթափեցրել» է Կրեմլը, հրահանգելով հրաժարվել հեռանալու մտքից, ռուսական վերնախավի շուրջ տարաբնույթ ինտրիգային դիտարկումների և մտորումների ծավալումը կանխելու համար, որը կարող էր իրապես լինել ռուսական իշխանական համակարգը քայքայող երևույթ: Թե՞ Կադիրովն ինքն ունի դժգոհություններ Պուտինից, ինչի համար էլ որոշել է դիմել «քաղաքական շանտաժի»՝ ինչ-ինչ հարցերում «առևտուր» անելու համար:

Կամ, հնարավոր է, որ «կադիրովյան հնարքով» Կրեմլն է փորձել այսպես ասած ներիշխանական շքախմբի տրամադրությունները, Պուտինի համար վստահելի անձի միջոցով ստուգել մնացյալ ռեգիոնների ղեկավարներին կամ հենց անմիջապես Մոսկվայում գտնվող տարբեր ֆիգուրներին: Բոլոր դեպքերում, կասկածից վեր է, որ տեղի ունեցածը «սովորական» կամ «շարքային» դրվագ չէ և թերևս խոսում է ռուսական իշխող վերնախավում առկա որոշակի բարդ և բազմաշերտ խմորումների մասին, որոնք պայմանավորված են այն վա-բանկ խաղով, որ Պուտինը սկսել է Ուկրաինայում:

Ռուսական վերնախավում այդօրինակ տրամադրությունների և ներիշխանական հարաբերությունների որոշակի տրանսֆորմացիոն տրամաբանության անխուսափելիության մասին խոսել եմ բազմիցս՝ թե ուկրաինական արշավից առաջ, թե առավել ևս ռազմարշավի մեկնարկից հետո: Դրանք չեն սահմանափակվելու ՌԴ սահմաններում և իրենց դրսևորումն են ունենալու ՌԴ համար կենսական համարվող գոտիներում, այլ կերպ ասած՝ հետխորհրդային տարածության մի զգալի մասում, և այդ թվում մասնավորապես հայկական քաղաքական միջավայրում, ընդ որում ամենևին ոչ միագիծ տրամաբանությամբ:

https://www.1in.am/3160358.html