ԱՄՆ-ի առաջարկը և Սուրեն Պապիկյանի չափազանց կարևոր այցը ԱՄՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ամերիկյան այցը միանգամայն հասկանալիորեն հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում: Թերևս ավելորդ է բացատրել, թե ինչու է ուշադրությունը մեծ: Միևնույն ժամանակ սակայն, շատ կարևոր է, որ մեծ ուշադրությունը չվերածվի հանրային չափազանցված սպասումների, առավել ևս՝ իռացիոնալ և իրականությունից հեռու սպասումների կամ պատկերացումների: Դրա վնասը առաջինը զգացվելու է հենց հայ-ամերիկյան հարաբերության, Հայաստանի համար, որովհետև անգամ ամենալավ և վարդագույն սպասումները չափազանցված կամ իրականությունից կտրված լինելու պարագայում լցվում են ռիսկերով և վերածվում խանգարող հանգամանքի: Այդ իմաստով, պետք չէ բացառել անգամ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի ամերիկյան այցի առնչությամբ սպասումների ձևավորման գործին լծվեն շրջանակներ, որոնք իրականում շահագրգռված են հայ-ամերիկյան հարաբերության անարդյունավետությամբ, ըստ այդմ՝ շահագրգռված են հնարավորինս չափազանցված և իռացիոնալ սպասումներ առաջացնելու հարցում:



Գործնականում, պաշտպանության նախարարի ամերիկյան այցը անշուշտ շատ կարևոր և ողջունելի իրողություն է, որի ստույգ գնահատման համար սակայն պակաս է երկու կարևոր բան՝ այցի օրակարգն ու այն պաշտոնյաների կամ կառույցների շրջանակը, որտեղ հանդիպում կունենա Հայաստանի նախարարը: Դրանց հստակեցումը, դրանց վերաբերյալ տեղեկատվական հոսքը թույլ կտա ավելի կոնկրետ և առարկայորեն գնահատել նախարարի ամերիկյան այցն ու դրա արդյունավետության իրատեսական պատկերը: Առայժմ հարկ է արձանագրել, որ այցը կարևոր է, և ընդհանրապես կարևոր է ուղղությունը:



Այդ իմաստով, Սուրեն Պապիկյանի այցը թերևս դիտարկելի է ոչ միայն լոկ իբև նախարարական այց՝ պաշտպանական բնագավառի համատեքստում: Այցը հույժ կարևոր է նաև քաղաքական առումով, որովհետև Հայաստանում նախարարը քաղաքական դեմք է, իսկ կոնկրետ պարագայում՝ Սուրեն Պապիկյանը նաև կառավարող կուսակցության առանցքային քաղաքական դեմքերից է, թերևս զիջելով միայն Նիկոլ Փաշինյանին: Այդ ասպեկտը անկասկած աննկատ չէ նաև ամերիկյան կողմի համար, ու այդպիսով Սուրեն Պապիկյանի այցը գործնականում կարող է հագենալ նաև մի շերտով, որն իր արտահայտությունը կունենա արդեն Հայաստանի ներքաղաքական, իսկ գուցե նաև ներիշխանական «ստատուս-քվոյի» հեռանկարների վրա:


Սակայն, վերստին շեշտեմ, որ այդ ամենը կարող է դիտարկվել լոկ հիպոթետիկ տրամաբանությամբ, քանի որ ստույգ գնահատականների համար անհրաժեշտ է առավել հստակ և մանրամասն տեղեկատվություն, թե ինչ մակարդակով են Նահանգները ընդունելու Հայաստանի պաշտպանության նախարարին, ինչո՞վ է այդ մակարդակը էապես տարբերվելու օրինակ Հայաստանի նախկին պաշտպանության նախարարների ամերիկյան այցերից, ինչպիսիք տարբեր առիթներով կատարել են թե Վիգեն Սարգսյանը, թե Դավիթ Տոնոյանը:



Միևնույն ժամանակ, նախարար Պապիկյանի ամերիկյան այցի համատեքստում թերևս առանցքային հարցերից մեկն այն է, եթե ոչ հենց բուն հարցը, թե որքանով է ամերիկյան այցը կապակցված ամերիկյան այն առաջարկի հետ, որ Վաշինգտոնն անում է հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին, ասելով, որ այդ առաջարկը կօգնի հեշտացնել հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը: Այդ մասին ԱՄՆ առաջին անգամ բարձրաձայնեց հուլիսին, երբ պետքարտուղար Բլինքենը զանգահարել և հեռախոոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

https://www.1in.am/3160092.html