Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցությունը խորացնելու հարցեր, կապված ռազմական կրթության ռազմական առողջապահության ոլորտների հետ: Ըստ հաղորդագրության, Քահլի խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, նաև խոսվել է միջազգային հարցերում ընդհանուր հետաքրքրություն ունեցող խնդիրների մասին:
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի մակարդակը բավականին բարձր մակարդակ է և հայ-ամերիկյան պաշտպանական գործակցության համատեքստում ըստ էության չի եղել Հայաստանի պաշտպանության նախարարի այդ մակարդակի հանդիպում Նահանգների գործադիր իշխանության շրջանակում: Սա իհարկե ամենևին պատճառ չէ հապճեպ և հայկական ընկալումներին բնորոշ չափազանցված ու պաթետիկ եզրահանգումների համար, որովհետև անհրաժեշտ է հասկանալ, թե հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բարդ ու զգայուն միջավայրում Հայաստանի հետ գործակցության առումով ի՞նչ հետաքրքրություն և նպատակադրումներ ունի Նահանգները:
Այն, ինչ ունի Հայաստանը, թերևս առավել հստակ է: Հայաստանն ունի թե իր պաշտպանական համակարգը վերականգնելու և արդիականացնելու հարցում Նահանգների փորձի, կարողությունների, հմտությունների առավելագույն ներգրավման անհրաժեշտություն, և թե ունի անվտանգության առումով ռեգիոնալ իրավիճակի կառավարման հարցում դիվերսիֆիկացված ռեսուրսների անհրաժեշտություն: Հատկապես, երբ ակնառու է, որ ռուսական ռեսուրսն այդ առումով աշխատում է նկատելի «խափանումներով», ինչպես նաև ռիսկերով:
Սակկայն, այստեղ է նաև գլխավոր հարցերից մեկը: ԱՄՆ պատկերացումը համահու՞նչ է Հայաստանի նպատակներին, թե՞ Նահանգների համար Հայաստանը դիտարկելի է առավելապես Իրանի և Ռուսաստանի հանդեպ ճնշման ռազմավարությամբ թելադրվող նպատակների շրջանակում: Բանն այն է, որ հայ-ամերիկյան հարաբերության խորացումը Հայաստանին անհրաժեշտ է ներկայիս իրողությունների ճնշումները թուլացնելու, կամ դրանց կառավարումը ուժեղացնելու, այլ ոչ թե հակառակի համար: Հայաստանի խնդիրն է այլևս որևէ գին չվճարել ռեգիոնալ որևէ փոփոխության համար: Եվ այստեղ շատ կարևոր է, որ նույն տրամաբանությամբ գործի, հայ-ամերիկյան հարաբերությանն ընդառաջ գա նաև Վաշինգտոնը: Հայ-ամերիկյան հարաբերությունն ու Հայաստանը կարող են շահել այդ դեպքում: