Յուրաքանչյուր տուն մտնող դիվերսիան

Հայկական ֆեյսբուքյան տիրույթում մեծ ուշադրության արժանացած սերիալային մի դրվագ դարձել է համացանցային բուռն արձագանքի առարկա, միաժամանակ առաջ բերելով Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը: Խոսքը հայաստանյան հեռուստաեթերները առատորեն լցրած սերիալային ինդուստրիայի մասին է, որը բնականոն երևույթ է գործնականում ամբողջ աշխարհում, սակայն, եթե շատ երկրների պարագայում այդ ինդուստրիան ծառայել է հանրային ու պետական վերափոխման գործիք, ապա Հայաստանում այդ ինդուստրիան իր արտադրության որակով եղել է հանրային դեգրադացման գործիք, ըստ էության քարոզչա-մշակութային դիվերսիա հանրային գիտակցության դեմ, դիվերսիա Հայաստանի արդիականացման խորքային հեռանկարի դեմ:



Ավելի քան երկու տասնամյակ հայկական հեռուստաեթերում այդ ժանրը վերածվել է տեղեկատվական անվտանգության սպառնալիքի, հասարակության թիկունք, անմիջականորեն տներ «ներթափանցած» դիվերսիոն գործողության, որի սպառնալիքը պարզապես ֆիզիկական չէ՝ մտավոր է, մշակութային, արժեհամակարգային: Մինչդեռ, այդ կատեգորիաներով սպառնալիքները խորքային առումով որևէ կերպ պակաս վտանգավոր չեն պետական, ազգային անվտանգության տեսանկյունից, քան արտաքին որևէ ագրեսիա կամ ագրեսիայի փորձ, կամ տեղեկատվական անվտանգության արտաքին սպառնալիքներ:



Խնդիրը պետք է լիներ առանցքային մտահոգության առարկա առաջին հերթին պետական վերնախավում, սակայն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը կառավարած համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների համար գերխնդիրը եղել է անձնական, ընտանեկան բարեկեցությունը և իշխանությունն այդ նպատակներին, ոչ թե Հայաստանի արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը ծառայեցնելը: Հայաստանը կառավարած վերնախավի արժեհամակարգային նկարագիրը այն խնջույքն է, որով ապրել են պետության համար «ժանտախտի» պահին: Այդ իրավիճակում, հեռուստաեթերը լցրած և հանրությանը կլանող, մեղմ ասած անորակ արտադրանքը ոչ միայն չի եղել մտահոգիչ երևույթ, այլ հակառակը՝ դիտվել է հանրությանը զբաղեցնելու «տեսարան», հանրային կյանքում գիտակցության արդիականացման փոխարեն բնազդների վրա խաղալու միջոց, քանի որ արդիական մտածողությամբ հասարակությունը բարձրացնելու էր նաև իր պահանջները վերնախավերի հանդեպ, ինչը քաղաքականապես նպատակահարմար չէր:


Ասել, թե կառավարող համակարգի ներսում չեն եղել իրադրությամբ մտահոգ և այլ պատկերացմամբ խմբեր կամ անհատներ, կլինի իհարկե սխալ, սակայն նրանք չեն կազմել որակ և տարբեր պատճառներով անկարող են եղել փոխել կառավարող համակարգի խորքային վարքագիծը: Այսօր սակայն, խնդիրն առկա է նաև այսպես ասած նոր Հայաստանում, երբ չկա կառավարող հին համակարգը, կամ կա՝ որպես ընդդիմություն, որը դարձյալ խաղում է այսպես ասած «ցածր» խաղադրույքի, բնազդների, զգայականության, այլ ոչ արդիական մտածողության վրա: Միաժամանակ, այդքան էլ որոշակի և հստակ չէ, թե հանրային կյանքում ինչ կոնցեպտուալ ռազմավարությամբ է առաջնորդվում նոր քաղաքական մեծամասնությունը, ինչպես  է դիտարկում ցանկացած պետության համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվա-քարոզչական ասպարեզը, որտեղ կինոինդուստրիան ունի իր առանցքային նշանակությունը՝ հասարակությունների արժեհամակարգային վերափոխման, արդիականացման գործում:



Խնդիրը բոլորովին այն չէ, որ պետք է արգելել վատ սերիալը և դնել լավի պահանջ: Հարցերը չեն լուծվում արգելելով կամ հրովարտակներով: Լուծումների համար պահանջվում են մեխանիզմներ, պահանջվում է հաշվարկ, հայեցակարգ, ռազմավարություն, այդ ամենի ներքո ֆինանսատնտեսական հիմք, ինչպես ցանկացած ռեֆորմի հիմքում: Խոսքը գործիքի մասին է, որից պետք է ոչ թե հրաժարվել, այլ որը պետք է ինքնին