Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վերջնականապես կորցրել է ուժը, և տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման համար անհրաժեշտ է փաստաթուղթ, որը չի կարող ընդունվել ռուս-թուրքական ձևաչափով։
Սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո ԱՄՆ-ը, Իրանը, Ֆրանսիան, ԵՄ-ն հայտարարեցին, որ հարցերը չեն կարող լուծվել ուժով, և դա վկայում է այն մասին, որ 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները և հետպատերազմյան պարբերական սրացումները չեն կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Ինչպես օրինական չճանաչվեցին 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը։
Տարածաշրջանում անվտանգության նոր համակարգ սահմանելու համար անհրաժեշտ են օրինական ձևաչափեր։ Հայաստանի խնդրանքով գումարվում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ՝ քննարկելու Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիան։ Բացի այդ, Ֆրանսիան մտադիր է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։
Հայաստանի խորհրդարանն այսօր հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքի խախտումը, որն արգելում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը տարածքային ամբողջականության դեմ։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով, որը խախտել է ուժի չկիրառման հիմնարար սկզբունքը։ Հայաստանը նախընտրեց այս սկզբունքը փոխարինել ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարությամբ և Ռուսաստանի եթերային երաշխիքներով։
Այսօր Մոսկվայի միջնորդությամբ Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին ժամը 09.00-ից հրադադարի մասին։ Թեեւ կրակի ուժգնությունը նվազել էր, սակայն որոշ հատվածներում ագրեսիան շարունակվում էր։ Հայկական կողմը հայտնել է «դիրքային փոփոխություններ» մասին։ Մոսկվայի կողմից միջնորդավորված հրադադարը չի նախատեսում վերադարձ սեպտեմբերի 12-ի դիրքերին, այլ փաստացիորեն ամրապնդում է հայկական հողերի օկուպացումը։
Մինչդեռ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչև իրավիճակի սրումը։ Սա միակ նման հայտարարությունն է՝ անգամ Հայաստանը չպահանջեց վերադառնալ նախկին դիրքերին, իսկ Մոսկվան ընդհանրապես հասցեական հայտարարություններ չարեց՝ կոչ անելով «կողմերին» դադարեցնել կրակը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին կոչ է արել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվրապային խորհուրդը նույնպես հայտարարեց ուժային լուծումների անընդունելիության մասին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հղում անելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, ասել է, որ Իրանի կապը Հայաստանի հետ չպետք է վտանգի ենթարկվի, իսկ կապի ուղիները պետք է լինեն պետությունների ինքնիշխանության ներքո։
«Ինչպես վաղուց հստակեցրել ենք, հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Հայաստանը պետք է հետևողականորեն պնդի հակամարտությունները ուժային ճանապարհով լուծելու անթույլատրելիությունը՝ օգտագործելով այն երկրների ներուժը, որոնց համար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային նորմերը հիմնարար նշանակություն ունեն։