102-րդ բազայի դուրսբերումը հրատապ է․ Այլապես ահա թե ինչ կարող է պատահել

Հաստատվում են տեղեկությունները որ Բաքվի վերջին օրերի հարձակումներին նախորդել է ռուսական սահմանապահների դուրսբերումը։ Սա նիկոլ Փաշինյանի նշած տխրահռչակ Սոտք-Խոզնավար գիծն է, որտեղ իբր պետք է կառուցվեր «անվտանգության նոր համակարգ»։



Խծաբերդի, Փառուխի և Բերձորի միջանցքի օրինակներով բազմիցս փորձել ենք հայ հանրությանը հասցնել հայկական հողի օտարման ռուս-թուրքական մեխամիզմը, նշելով նաև, որ Բերձորից հետո այն կիրառվելու է նաև ՀՀ այլ շրջաններում։



Հայ հանրությանը փորձում էինք հասցնել նաև, որ ռուսական կոնտինգենտը օկուպացիոն զորք է, որի խնդիրը ոչ թե հայերի անվտանգության ապահովումն է, այլ ՌԴ Կովկասից նահանջի ապահովումը՝ Հայաստանը թուրքերին հանձնելով։

Այն, ինչ կատարվում է այս օրերին, դրա վկայությունն է։ Դրա վկայությունն է նաև ՌԴ-ՀԱՊԿ ավանդական արձագանքը Հայաստանի դեմ ագրեսիային՝ «գնացեք, սահմանազատում արեք»։

ՀՀ իշխանությունը շարունակում է դիմել ՌԴ-ՀԱՊԿ-ին, ռուսանպաստ ագենտուրան և խաժամուժը իրենց հերթին շարունակում են պնդել, որ իշխանությունը լավ չի դիմել։

Բազմիցս նշել ենք նաև, որ պետք է հրատապ կարգով դրվի ռուսական 102-րդ բազան դուրսբերելու խնդիրը։ Տարիներ շարունակ բազան կատարում էր Մոսկվայի դրածո ռեժիմների անվտանգության խնդիրը, ներկայում կատարում է մի կողմից Ակնայի ռուս- թուրքական հետախուզական կենտրոնի դերը, մյուս կողմից ընդլայնվելով Սյունիքից Տավուշ՝ կատարում է հայկական հողերը թուրքերին հանձնելու «առաքելությունը»։

Բազայի դուրսբերումը Հայաստանից հրատապ է, այլապես վտանգված են Գյումրին և Մեծամորը։ Թուրքերը տարիներ ի վեր բարձրացնում են Մեծամորի ատոմակայանի խնդիրը, ինչը պատահական չէ. ՌԴ-ն Թուրքիայի հետ կարող է խաղարկել ատոմակայանի շուրջ «չեզոք գոտու ձևավորման մեխանիզմը, ինչպես Ռուսաստանն է փորձում անել Զապորոժիեում Էրդողանի միջնորդությամբ, այդպիսով վերահսկողություն հաստատելով Հայաստանի գլխավոր մայրուղիներից մեկի վրա։ Գյումրիի բազան կատարելու է նույն դերը, ինչ ռուսական մյուս հենակետերը Սյունիքում, Գեղարքունիքում և Արցախում։

https://www.lragir.am/2022/09/14/738292/