Եթե սառեցնենք մեր ՀԱՊԿ անդամությունը, պաշտպանության ոլորտում աջակցություն կստանանք ԱՄՆ-ից, Կանադայից ու Ֆրանսիայից. Ահա թե ի՞նչ կարևոր տեղեկություն է հաղորդում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։



-Պարոն Գրիգորյան, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ կապված մենք տեսանք մի քանի պետությունների՝ ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Կանադայի հասցեական ու շատ հստակ արձագանքը։ Ինչպե՞ս կապիտալիզացնել այդ մոտեցումը, ի՞նչ աշխատանք պետք է տանել դիվանագիտական ճակատում։



Նախևառաջ ուզում եմ նշել, որ այս արձագանքներից հստակ երևում է, թե որտեղ են մեր բարեկամները և որտեղ  «ոչ բարեկամները»։ Ակնհայտ է, որ մենք բարեկամներ ունենք՝ ի դեմս Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի, Իրանի ու այլ դեմոկրատական երկրների, իսկ ի դեմս ՀԱՊԿ երկրների՝ չունենք բարեկամներ։ Այստեղ հայտարարությունները լղոզված են ու ոչ հասցեական։ Ուստի այս ծանր իրավիճակը ցույց է տալիս՝ ով է բարեկամ, ով՝ ոչ։

Հիմա ինչպե՞ս կապիտալիզացնել այս ամենը։ Առաջինը՝ մենք դիմեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, դիմեցինք նաև որ քննարկում լինի ԵԱՀԿ-ի շրջանակներում և երեկ այն կայացավ։ Պետք է փորձենք հզոր պետությունների միջոցով դա կապիտալիզացնել, աշխարհում տարածել ճշմարտությունը։ Այստեղ պետք  է ակտիվ աշխատեն պետական ինստիտուտները և առաջին հերթին դիվանագիտությունը։ Այսօրվա ՄԱԿ ԱԽ նիստում մենք պետք է ակտիվ լինենք, այդ պետությունների հետ առանձին աշխատենք։ Այնպես պետք է անենք, որ հօգուտ մեզ բանաձև ընդունվի։ Պարզ է, որ այնտեղ մեր դեմ էլ պայքար կլինի, բայց ի դեմս ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի, մենք ունենք աջակցություն ու մեր դեմ որոշում չի ընդունվի։ Մեծ շանսեր կան, որ ձևակերպումը կլինի հօգուտ մեզ։ Նույնիսկ փոքր հայտարարությունը մեզ լրջագույն դիվանագիտական ու քաղաքական առավելություններ կտա, ինչն էլ կզսպի Ադրբեջանի սանձարձակ գործողությունները։ Մենք նախկինում չէինք համարձակվում դիմել, հիմա դիմեցինք, ինչը շատ լավ է։

Բացի այդ՝ մի  փոքր պետք է ակտիվացնենք աշխատանքը Եվրոխորհրդում ու ԵԱՀԿ-ում։ Եվրոխորհրդի առաջին արձագանքը կիսաչեզոք էր, դա էլ վատ չէ։ Բայց միանշանակ է, որ ՄԱԿ ԱԽ-ի դիրքորոշումից հետո պետք է նորից վերադառնանք ու ստիպենք, որ մի հատ էլ քննարկեն ու  հօգուտ մեզ որոշում ընդունեն։ Այս դիվանագիտական ու քաղաքական որոշումները շատ կարևոր դեր կխաղան, որ Ադրբեջանի ախորժակը մի փոքր զսպեն։

-Իսկ ի՞նչ անել, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեն, ռազմական գործողությունները դադարեցնելու հստակ պահանջ դրվի։ Ինչպե՞ս ստանալ այն, ինչ այսօր ստանում է Ուկրաինան։

-Նման հնարավորություն կստեղծվի այն պահից հետո, երբ ՄԱԿ-ում որոշում ընդունվի, քանի որ այդ կառույցը պատերազմները զսպելու  գլխավոր ինստիտուտն է։ Բացի դրանից՝ եթե մենք սառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, դա ճանապարհ կբացի, որպեսզի Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ-ն որպես առանձին պետություններ սկսեն մեզ աջակցել հենց պաշտպանության ոլորտում՝ մատակարարելով զենք։Հասկանում ենք, որ դա մեկ օրում չի լինում, բայց այստեղ շատ կարևոր է ՀԱՊԿ-ում  մեր համագործակցությունը սառեցնել, քանի որ դա խոչընդոտ է։ Եթե դու ՀԱՊԿ անդամ ես՝ նման համագործակցություն չես կարող ունենալ։ Ուրեմն՝  մի կողմից դիվանագիտական ոլորտում աշխատանք, մյուս կողմից՝ երկկողմ հարաբերություններ։

Շատերը մոռանում են, որ երբ Ռուսաստանն իր գորրծողությունը սկսեց Ուկրաինայի դեմ, արևմուտքը սկզբից չէր օգնում։ Ասում էին՝ Զելենսկիին կընդունենք, եթե նա ինքնաթիռով փախչի։ Երբ ուկրաինացիք սկսեցին իրենց հարցերը բարձրացնել, պայքարել ու պաշտպանել երկիրը, նոր սկսեցին բոլորը աջակցել։ Հիմա ո՞նց աջակցեն Հայաստանին, որ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը։ Հայտարարություններ կարող են լինել, բայց եթե մենք քայլ չանենք՝ հստակ աջակցություն չենք ստանա։

https://www.1in.am/3164028.html