Իրավիճակը բեկելու հնարավորություն կա․ Ահա թե որն է այն

Բաքուն հղում է անում Հայաստանի ՊՆ-ին, ըստ որի իբր չի հրետակոծել հայկական բնակավայրերը: Այսինքն՝ ագրեսիայի և խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների թեման փորձում է հանել օրակարգից՝ հղում անելով ՀՀ պետական գերատեսչություններին: Նոր բան չէ՝ վարչապետը և քպ-ական նոմենկլատուրան 2020-ի նոյեմբերի 9-ից արդարացնում են Բաքվի գործողությունները: Նույն գործին է լծված նաև ռուսանպաստ խաժամուժը Հայաստանում՝ նոյեմբերի 9-ին հավատարմության տրամաբանության մեջ: Եվ դա հասկանալի է, ինչպես նաև վկայություն, որ Բաքվի գործողությունները առաջնորդում և աջակցում է Ռուսաստանը: Դուք տարածք և սահման չունեք, ասում են ռուսները իրենք հովանավորյալ Բաքվի հերթական ներխուժումներից հետո:



ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ երկու թշնամական ակտերը՝ 2020-ի հոկտեմբերին և այս օրերին, թերևս արդեն որևէ կասկած չպետք է թողնեն հայերի մոտ: Առավել ևս՝ Կրեմլի, Բաքվի և Երևանի ռեժիմների և Հայաստանում ռուսական ագենտուրայի ներդաշնակ բառապաշարի և դիրքավորման ցցուն օրինակով: Հայաստանից այդպես էլ չկա պահանջ՝ ռուսական զորքի դուրսբերման և Բաքվի ստորաբաժանումների՝ մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը եղած դիրքերի հեռացումը: Շարունակվում է հայկական հողի օտարման ռուս-թուրքական դարավոր մեխանիզմը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո բավական ժամանակ կար համախմբվելու և այդ սխեման ջարդելու համար: 44-օրյա պատերազմում 4 ճակատով կռվող և Բաքվի ռազմական ողնաշարը ջարդած հայ զինվորի սխրանքը պետք է լիներ այդ համախմբման առանցքը:



Քաղաքական ուժեր կոչվածները, զլմ-ները այդ հիմքով պետք է ձևակերպեին Հայաստանի հայտը նոր աշխարհակարգում, եթե կուզեք՝ չափազանց բարենպաստ իրավիճակում: Փոխարենը՝ քաղաքական ու մեդիա հարթակներում շարունակվում է հուսալքության, համակերպման քարոզը՝ ամեն մեկն իր դիրքից ու առաջադրանքից: Ավելորդ է ասել, թե որտեղից է այդ առաջադրանքը: Երեկվա ցույցերին լայն զանգվածների մասնակցությունը ցույց տվեց, որ գաղափարի, հայտի և ուղենիշի պարզ, ազգային դիրքերից ձևակերպումը կառաջացնի այդ համախմբումը:

Քաղաքական դաշտի և մեդիափորձագիտական շրջանակների ողորմելիության արդյունքն է այն մթնոլորտը, որը ներկայում տիրում է Հայաստանում: Այստեղից էլ՝ նրանց ուղիղ և հավասար պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար: Խնդիրը և մեխանիզմները պարզ են՝ իրավիճակում բեկում մտցնելու համար: Հայկական իրավունքների փաթեթը ոչ մի տեղ չի կորել՝ իրավունքի ուժն է պետք գիտակցել:

https://www.lragir.am/2022/09/15/738805/