ՀԱՊԿ գեներալը Փելոսիից հետո. Ի՞նչ են ասել Սուրեն Պապիկյանին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Ըստ հաղորդագրության, գներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքը: Այլ մանրամասն ներկայացված չէ, բայց ամենից ուշագրավը թերևս կլինի այն, թե ի՞նչ արդյունք է Հայաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել ՀԱՊԿ պատվիրակության ղեկավարը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

ՀԱՊԿ պատվիրակության արդյունքը որևէ բանով տարբերվու՞մ է մինչ այս եղած ՀԱՊԿ մոտեցումից, թե կա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված  և սահմանագծված  չլինելու խնդիր: Թե՞ ՀԱՊԿ պատվիրակությունը՝ գեներալ-գնդապետի գլխավորությամբ, եկել է ընդամենը ՀԱՊԿ այդ մոտեցումը «հաստատելու»: Ե՞րբ կլինեն մանրամասներ, թե ինչ արդյունք է ներկայացրել ՀԱՊԿ առաքելության ղեկավարը Հայաստանի նախարարին, որն ի դեպ նախօրեին ընդունել էր Հայաստան այցելած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որն էլ իր հերթին այդ հանդիպումը իր այցի օրակարգ էր ներառել այսպես ասած չնախատեսված տարբերակով, արդեն Երևանում: Թե ինչն էր եղել խոսնակի այդ քայլի շարժառիթը՝ այն զուտ քարոզչական էր, թե ուներ պրակտիկ քաղաքական նշանակություն, սա հարցի մի կողմն է, սակայն հետաքրքիր է, թե ՀԱՊԿ առաքելության ղեկավարի՝ պաշտպանության նախարարություն կատարած այցի հարցում «մոտիվացիոն» ինչ դեր է ունեցել նախօրեին տեղի ունեցած Պապիկյան-Փելոսի հանդիպումը:

Բոլոր դեպքերում, ՀԱՊԿ առաքելությունն այդ կազմակերպության համար որոշակի հնարավորություն է շատ թե քիչ փոխել Հայաստանի հանրության վերաբերմունքը ՀԱՊԿ հանդեպ: Դա իհարկե կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ռազմա-քաղաքական դաշինք համարվող այդ կազմակերպությունը հստակ գնահատի Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտձնգություն-ագգրեսիան, կոչ անելով Բաքվին հետ քաշել զինուժը ելման դիրքեր և ընդհանրապես չեզոքացնել Հայաստանի սահմանների մոտ եղած կուտակումները:

Սա ընդ որում ոչ թե աջակցություն է Հայաստանին, այլ ռազմա-քաղաքական բլոկի պարտավորություն, առաջին հերթին հաջակցություն հենց ինքն իրեն, իր հեղինակությանն ու վարկին, եթե իհարկե ՀԱՊԿ կենտրոնասիական անդամների համար կա այդպիսի խնդիր, և ոչ թե հակառակը՝ օգտագործել Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ վարկաբեկելու և այդ կերպ Ռուսաստանի «կապող թելերից» մեկից ազատվելու համար:

https://www.1in.am/3166633.html