Միրզոյան-Բայրամով. ԱՄՆ քննությունն ու հարցաթերթիկը

Նյու Յորքոււմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո հայտարարությունները բավականին սուղ են: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել մինչև սեպտեմբերի վերջ անցկացնել ևս մի հանդիպում, ինչը թերևս նշանակում է, որ Նյու Յորքում կողմերին ներկայացվել է առաջ շարժվելու որոշակի առաջարկ, բովանդակություն, որը ենթադրաբար պետք է ձևավորի քաղաքական գործընթացի գոնե մեկնարկի համար նվազագույն անհրաժեշտ հիմք: Նյու Յորքի հանդիպումից ուրվագծվում է, որ այդ պահի դրությամբ կողմերի մոտեցումները շարունակում են լինել իրարամերժ, ինչը ունի հասկանալի պատճառներ:



Ի վիճակի՞ է ԱՄՆ վերացնել այդ պատճառներն այնպիսի դիվանագիտական առաջարկով, որը ոչ միայն ընդունելի կլինի երկուստեք, այլ իր մեջ չի պարունակի ռիսկեր նաև հանրությունների մակարդակում: Ըստ ամենայնի, մինչև սեպտեմբերի վերջ կողմերը կձևավորեն ԱՄՆ առաջարկի վերաբերյալ իրենց մոտեցումը կամ պատասխանը: Սա էլ թերևս թույլ է տալիս ունենալ որոշակի հույս, որ չնայած լարվածության պահպանմանը, այդուհանդերձ կպահպանվի նաև հրադադարը, որ հաստատվել է սեպտեմբերյան մարտերից հետո:



Ամբողջ հարցն այն է, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կձևավորեն իրենց մոտեցումը Բլինքենի ենթադրական առաջարկի նկատմամբ, ու այդ մոտեցումը կլինի դարձյալ իրարամերժ, այսինքն չի ձևավորվի առաջ շարժվելու ընդհանուր հիմքը: Իհարկե դա չի նշանակի, որ անմիջապես կարող է հաջորդել նոր բռնկում: Համենայն դեպս, ենթադրվում է, որ ԱՄՆ նախաձեռնությունը այսպես ասած մեկ քայլանի կոմբինացիա չէ և հաշվի է  առնվել, որ առաջին պատասխանը կարող է չլինել գոհացնող, ըստ այդմ առաջանա երկրորդ քայլի անհրաժեշտություն՝ նվազագույնը լարվածության նոր աճ և բռնկում թույլ չտալու համար:


Եթե իհարկե բուն նպատակը հենց դա է, այլ ոչ թե արհեստականորեն անհամաձայնություն «վերարտադրելն» ու այդպիսով նոր լարվածության հոգեբանական-քաղաքական հող ստեղծելը: Ըստ այդմ, ԱՄՆ պետք է պատասխանատու լինի այն գործընթացի համար, որ փորձում է մղել առաջ և սեղանին ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացվող առաջարկ է, այլ նաև ԱՄՆ մտադրությունների և կարողությունների այսպես ասած «քննական հարցաթերթիկ», երբ Վաշինգտոնն օրինակ երեք հանրություններին էլ՝ այդ թվում բնականաբար արցախահայությանը, պետք է ցույց տա, որ արդյունավետության և քաղաքական գործընթացի առաջմղման, ինչպես նաև անվտանգության իրավիճակի կառավարման տեսանկյունից որակապես առավել շահեկան միջնորդ է, քան օրինակ Մոսկվան:



Եթե Վաշինգտոնն ի վիճակի չէ հանձնել այդ քննությունը, թեկուզ միջանկյալ, ապա թերևս պետք է ունենա հանրություններին, ժողովուրդներին նոր փորձության չտանելու պատասխանատվություն:

https://www.1in.am/3167053.html