Կարևոր հայտարարություններ ԱՄՆ-ում Հայաստանի և Արցախի վերաբերյալ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։



Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բաքվի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, և պետք է ակտիվացվեն միջազգային մեխանիզմները՝ հետագա էսկալացիան կանխելու համար։



Միջազգային մեխանիզմների մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող մեխանիզմները՝ ռուս խաղաղապահներն ու սահմանապահները, ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանությունը, Միասնական բանակային զորախումբը, չեն պաշտպանում Հայաստանը էսկալացիայից, և անհրաժեշտ է նոր համակարգ։

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ իրեն ոգևորել է «այն փաստը, որ բախումները դադարեցվել են, և վերջին օրերին նոր սրացումներ չեն եղել»։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Բլինկենն ընդգծել է խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը և կողմերին հորդորել է կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ։

Մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի և Կովկասում անվտանգ ու խաղաղ տարածաշրջանի նկատմամբ: Այս մասին ասված է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Երեւան կատարած այցի արդյունքներով հայտարարության մեջ։

«Կոնգրեսի պատվիրակությունը մեկնեց Հայաստան՝ որպես ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարի կարևոր ճակատ: Երեւանում մեր հանդիպումների ժամանակ մենք մեր ամուր աջակցությունն ենք հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Նենսի Փելոսին նշում է, որ իր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ին ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ Սոթքում և Ջերմուկում տեղի ունեցած ագրեսիայի նպատակներից մեկն էլ կարող էր լինել Փելոսիի այցը Երևան խաթարելը։ Հաշվի առնելով, որ նրա Հայաստան կատարած այցի արդյունքներով սկսել են խոսել անվտանգության նոր համակարգի մասին, նման հնարավորությունը իրական է թվում։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում տեղի ունեցավ «Արցախի անկախության ողջույնը Կապիտոլիումի բլրի վրա» միջոցառումը, որտեղ ԱՄՆ կոնգրեսականները կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը։

Հիմնական զեկուցողն էր Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ով Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքների համատեքստում նշել է Արցախի անկախության ճանաչմամբ Արցախի անվտանգությունն ու ապագան ապահովելու հրատապ անհրաժեշտությունը։

«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները, ուսումնասիրի պատժամիջոցներ սահմանելու ուղիները և Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության ենթարկի ռազմական հանցագործությունների համար», – միջոցառման ժամանակ հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Հիշեցնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարության հետ միասին Կոնգրես է ներկայացրել երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի հարձակումները։

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինուժի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական բռնության այս բացահայտ սրացումը ցույց է տալիս, թե որքան ամբարտավան է դարձել Ալիևի ռեժիմը, երբ նրա չպատճառաբանված ագրեսիան բախվում է միջազգային հանրության խուլ լռության և կեղծ երկիմաստություններին, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր օգնությունները Ալիևի ռեժիմին»,- ասվում է կոնգրեսականների հայտարարության մեջ։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ով խոսնակ Նենսի Փելոսիի հետ այցելել է Հայաստան, ասաց, որ իրենց այցի կարևոր մասն էր հասկացնել տալը, որ «Հայաստանը անկախ է լինելու, իսկ Արցախը դրա մի մասն է»:

https://www.lragir.am/2022/09/20/739570/