Մոսկվայի, Պեկինի, Թեհրանի և Դելիի «պահանջը» Թուրքիային

Թուրքիան Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու համար պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, քանի որ ՇԳԿ անդամության պարամետրերը պահանջում են չլինել հակառակորդ կամ թշնամի դաշինքների անդամ: Այդ մասին հայտարարել է ՇԳԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը, հայտնելով, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը հռչակել է իր թշնամի, սպառնալիք: Ռուսաստանը Սամարղանդում տեղի ունեցած ՇԳԿ Վեհաժողովից հետո փաստացի «լատենտ վերջնագիր» է ներկայացնում Թուրքիային, ինչին թերևս բոլորովին դեմ չեն լինելու ՇԳԿ մյուս անդամները, օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, ու թերևս անդամությունից հինգ րոպե պակաս գտնվող Իրանը:



Սամարղանդի Վեհաժողովը բավականին նշանային էր, ինչի պատճառը բնականաբար ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունն է և աշխարհակարգային վերափոխումների ռեժիմը: Մոսկվան մեծ նշանակություն էր տվել Սամարղանդի Վեհաժողովին, որի ընթացքում փորձում էր Ուկրաինայում իր «ռազմական հատուկ գործողությունը», կամ պարզապես պատերազմը կապիտալիզացնել ՇԳԿ ձևաչափի շրջանակում ինտեգրացիան խորացնելու օրակարգով: Այդ Վեհաժողովին հրավիրվել էին ոչ միայն դիտորդ Իրանը, որի անդամության ֆորմալ հարցերը գործնականում լուծված են, ինչպես հայտարարեց Պուտինը Ռայիսիի հետ հանդիպմանը, այլ նաև Թուրքիան, որը ունի կազմակերպության՝ այսպես ասած երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:



Սամարղանդի Վեհաժողովի հռչակագրում կար բավականին ուշագրավ մի կետ, ըստ որի՝ անդամները պատրաստակամություն են հայտնում սերտացնել և խորացնել պաշտպանական, անվտանգային ոլորտի գործակցությունը: Վեհաժողովից առաջ հրապարակած հոդված-անդրադարձում կարծիք էի հայտնել, որ Մոսկվան թերևս փորձում է առաջ մղել այդ միտումը՝ առավելապես տնտեսական օրակարգի վրա ձևավորված կառույցը աստիճանաբար համալրել ռազմա-քաղաքական օրակարգով և «ճարտարապետությամբ»: Հռչակագրի կետը այդ ճանապարհին թերևս առաջին քայլերից, առաջին քարերից մեկն է: Այստեղ կա նաև Թուրքիայի հետ կապված ուշագրավ պահը: Ռուսաստանն այդ կերպ թերևս փորձում է ձևավորել կենտրոնասիական և ընդհանրապես եվրասիական ռեգիոնում Թուրքիայի հավակնությունը զսպելու կամ կառավարելու մեխանիզմ, նաև Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի օգնությամբ, որոնց  համար ևս՝ Անկարայի «թյուրքալեզու» հավակնությունը մարտահրավեր է: 

Ի դեպ, խորհրդանշական է, որ Էրդողանը նույն Սամարղանդում արդեն նոյեմբերին կհավաքի թյուրքալեզու երկրների կազմակերպության Վեհաժողով: Մի կողմից ձգտելով ամրացնել ՇԳԿ-ն նաև ռազմա-քաղաքական տրամաբանության համատեքստում, Ռուսաստանը Թուրքիայի առաջ դնում է անդամության համար ՆԱՏՕ անդամակցությունից հրաժարվելու պահանջ, թերևս հասկանալով, որ դա Անկարայի համար շատ բարդ պահանջ է: Ի վերջո, Թուրքիայի աշխարհաքաղաքական կշռի մի զգալի մասը ձևավորում է հենց ՆԱՏՕ անդամ լինելը, որքան էլ կան խնդիրներ թե դաշինքի, թե դրա առանձին անդամների հետ:

Էրդողանը պատկերացնում է, որ գոնե տեսանելի ապագայում բոլորովին տարբեր քաշային կատեգորիաներ են լինելու ՆԱՏՕ անդամ Թուրքիան և այդ անդամությունից հրաժարված Թուրքիան: Այդ իմաստով, Ռուսաստանի «շանհայան» օրակարգը ստանում է Չինաստանին, Իրանին և Հնդկաստանին արվող առաջարկ՝ նվազագույնը գործակցել իրենց անմիջական, կենսական նշանակության կենտրոնասիական ռեգիոնում Անկարային զսպելու, Էրդողանի ճանապարհները «պատնեշելու» հարցում: Այստեղ էական է դառնում երկու հանգամանք: Ինչպե՞ս կվերաբերի դրան Միացյալ Նահանգները, արդյո՞ք կփորձի իր կենտրոնասիական անմիջական ակտիվությամբ հակակշիռ ապահովել ՆԱՏՕ դաշնակից Անկարայի համար, և արդյո՞ք Պեկինը, Դելին, Թեհրանն ու Մոսկվան Թուրքիայի հարցում կունենան միմյանց հանդեպ բավարար աստիճանի վստահություն:

https://www.1in.am/3167210.html