ՌԴ վերջին օրերն են Հայաստանում. Ներքին պայթյունի շեմին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի այցից հետո կտրուկ քաղաքական տեղաշարժեր են սկսել: Ռուսական մամուլում տասնամյակ շարունակվող հակահայ քարոզչությանը զուգահեռ բացահայտ խոսվում է Հարավային Կովկաաից ՌԴ-ի վերջնական հեռանալու մասին: Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողները նշում են, թե Կովկասը աշխարհքաղաքական փակուղի է, և Ռուսաստանն այնտեղ անելիք չունի:



Միևնույն ժամանակ ՌԴ այսպես կոչված հայամետ շրջանակները, հայ-ռուսական եղբայրության վերաբերյալ ավանդական միմոսությունների կողքին, խոսում են Հայաստանի՝ ԱՄՆ աջակցության և ազդեցության գոտում հայտնվելու մասին: Հայաստանում ավանդական նեղմիտ ու անհամարժեք գնահատականներ են հնչում, ընդ որում՝ պրոարևմտյան դաշտում խորը քողարկված ռուսական ագենտուրայի կողմից:



Մի ուղղությունն այն է, թե ՀԱՊԿ-ից պետք չէ դուրս գալ, մյուսը՝ որ Փելոսիի այցի արդյունքում կարող են վատանալ հայ-իրանական հարաբերությունները: Ակնհայտ է այս երկու ուղղություններով քարոզչության ծագումնաբանությունն ու նպատակը: Մոռացության մատնվեց Փելոսիի շեշտադրումը՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ որպես աշխարհքաղաքական խոշոր փոփոխությունների կետեր:

Պրոռուսական բլոկներին անդամակցությունից կառչելը նշանակում է Հայաստանի դեմ Կրեմլի կամ լավրովյան պլանի իրագործումը՝ Հայաստանի մասնատումը և հանձնումը թուրքերին: Ռուսաստանը և Թուրքիան պայթյունի շեմին են, ինչն առավել է ընդգծում Փելոսիի այցի աշխարհքաղաքական հետևանքները և Հայաստանի հնարավոր դերակատարությունը մեծ տարածաշրջանում, անկասկած հայկական խնդիրների քննարկման հնարավորությամբ։

https://www.lragir.am/2022/09/22/740138/