Ռուսաստանը հեռանում է Հայաստանից․ Թուրքիան խոստացել է քայլեր ձեռնարկել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման ռուս-թուրքական սխեման կարող է կիրառվել Հայաստանի նկատմամբ։



Հիշեցնենք, որ չորեքշաբթի Թուրքիայի միջնորդությամբ ազատ է արձակվել 215 ուկրաինացի, որոնց մեծ մասը «Ազով» գնդից է։ Դրա դիմաց Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 55 ռուս ռազմագերիների, ինչպես նաև ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկին՝ Պուտինի կնքահորը։ Գործարքի պայմաններով, Ազովի գնդի բոլոր հինգ ավագ սպաները կմնան Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։



Փաստորեն, Թուրքիան ազովցիներին ոչ թե Ուկրաինային է հանձնել, այլ պահում է՝ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժը։


Նույն սխեման կիրառում է Ռուսաստանը Հայաստանի դեպքում։ Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, Ռուսաստանն իրականացնում է տարածաշրջանից հեռանալու իր ծրագիրը՝ Հայաստանը հանձնելով Թուրքիային «տեղաշարժման սահմանափակմամբ»։



Էրդողանն արդեն քայլեր է նախապատրաստում այդ ուղղությամբ։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցի կապակցությամբ Էրդողանն ասել է, որ այցը չի վտանգում Կովկասում առկա զարգացումները։ «Ճիշտ է, շատ խոչընդոտներ է մտցրել, բայց պետք չէ ուռճացնել։ Մենք նաև մեր նախապատրաստական ​​աշխատանքներն ենք անում։ Վերադառնալուց հետո մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը Նյու Յորքում։

Հայաստանի ղեկավարության կույր համաձայնվողականության և ազգային հասարակական-քաղաքական դիսկուրսի դեֆիցիտի համատեքստում Ռուսաստանի այս քայլը կարող է ծափահարությունների արժանանալ միջազգային համայնքում, ինչպես հավանություն տրվեց «ազովցիների» գործարքին, որոնց Ռուսաստանի բանտից տեղափոխեցին Թուրքիայի բանտ։

Հակառակ պարագայում, Հայաստանը կարող էր մի շարք ինքնիշխան քայլեր ձեռնարկել՝ նախաձեռնել ՀԱՊԿ-ից, նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս գալու գործընթաց, Նախիջևանի՝ Ադրբեջանի պրոտեկտորատի տակ գտնվելու անօրինականության և 1921-ի Մոսկվայի պայմանագրի քննարկումներ, դիմել ԱՄՆ-ին ռազմական օգնության խնդրանքով, ճանաչել Արցախը և անցնել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման իրականացմանը։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Ալիևին հարցնում է, թե ինչ սահմաններ է պատրաստ ճանաչել Հայաստանը։

Սա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը խնդրում է տխրահռչակ 29,8 հազար քառակուսի կմի սահմաններում իր իշխանության «փոխանակմանը» Արցախի, Նախիջևանի, Սյունիքի, Կարսի, Արդահանի, Արարատ լեռան շրջանի հետ։ Իսկ «նայողը» Ռուսաստանից հետո կլինի Թուրքիան՝ էական չէ։

Ռուսանպաստ շրջանակներում շրջանառվում էր թեզը, որ «եթե ոչ Ռուսաստանը, ապա Թուրքիան», բայց հիմա իրավիճակը փոխվել է՝ Ռուսաստանը հեռանում է, և ընտրությունը ոչ թե Ռուսաստանի և Թուրքիայի, այլ ինքնիշխանության և վասալության միջև է։

https://www.lragir.am/2022/09/23/740364/