Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում անդրադառնալով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բացարձակ անհրաժեշտություն է համարում Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերումն ու սահմանին միջազգային մոնիտորինգային խմբի տեղակայումը: «Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով:
Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության», -հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Հայաստանը խոսում է բավականին համարձակ առաջարկի մասին:
Համարձակ այն իմաստով, որ Երևանը փաստացի արտահայտվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդության տեղակայման օգտին այն դեպքում, երբ դա նշանակում է սահմանային այդ հարցերում Ռուսաստանի միջնորդական գերիշխող հավակնության հակադարձում: Այլ կերպ ասած, Երևանն արտահայտում է իրենից հասանելիք քաղաքական համաիջակ դիրքորոշում, այդ կերպ գնդակը տեղափոխելով միջազգային կառույցների դաշտ: Եվ դա այն դեպքում, երբ դեռևս նախորդ տարի մայիսին Հայաստանը առաջարկում էր սահմանին ՀԱՊԿ մոնիտորինգի մեխանիզմ, ինչը սակայն չդարձավ իրականություն թերևս ՀԱՊԿ անդամների հայտնի քաղաքական մոտեցումների պատճառով: Այսօր Երևանը խոսում է միջազգային հանրությանն արվող՝ միջազգային մոնիտորինգային խումբ տեղակայելու առաջարկի մասին:
Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ հայտնի է, որ սահմանային իրավիճակը ուսումնասիրելուց հետո առաջարկներ մշակել և ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ը, որի պատվիրակությունը ժամանել էր Հայաստան: Նախ այստեղ էր ժամանել ՀԱՊԿ շտաբի պետ գեներալ Սիդորովը, հետո ՀԱՊԿ ԳՔ Զասը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել նրան, քանի որ մեկնել էր Նյու Յորք ՄԱԿ ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար:
Միջազգային մոնիտորինգային խմբի մասին Երևանի բարձրաձայնումը արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի չէ այն առաջարկը, որ սահմանային իրադրության դիտարկման արդյունքում մշակել է ՀԱՊԿ-ը, կամ փաստացի՝ Ռուսաստանը, թե՞ Հայաստանը բարձրաձայնում է միջազգային մոնիտորինգային խմբի տեղակայման իր առաջարկը, որպեսզի այդ կերպ բացահայտի միջազգային հանրություն ասվածի կամ պարզապես Արևմուտքի իրական դիրքորոշումը, այդ կերպ նաև իր համար ստեղծելով ՀԱՊԿ առաջարկների ուղղությամբ աշխատելու քաղաքական տարածություն: Բոլոր դեպքերում, գնդակը միջազգային հանրության դաշտում է Հայաստանի մոտեցմանն արձագանքելու իմաստով: