ՌԴ ԱԳՆ-ն ընդդեմ Հայաստանի․ Զախարովան բացեց փակագծերը

Մենք հանդես ենք գալիս բոլոր այն պայմանավորվածությունների խստիվ կատարման օգտին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ լուծելու ձգձգվող հակամարտությունը, որը բազմիցս վերածվել է վտանգավոր արյունալի անկման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու կոչը։

«Շատ բան կա ծրագրված։ Կա տեսություն, պրակտիկա, կա կատարվածի հայտարարությունը և ապագայի ծրագիր։ Այս փաստաթղթերը համաձայնեցված են ոչ միայն միջնորդի և յուրաքանչյուր առանձին երկրի միջև, այլ այն երկրների միջև, որոնք այս երկար հակամարտության պատմության մի մասն են: Ահա թե ինչու են դրանք անգնահատելի, և իրականում ներկայացնում են իրական, ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ: Կարծում եմ, որ շատ մարդիկ՝ քաղաքական, հասարակական գործիչներ, թե՛ համաձայնագրով միավորված պետությունների ներսում, թե՛ հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում, թե՛ դրսում, ցանկանում են իրենցով կամ իրենց պատկերացումներով փոխարինել այն, ինչ պայմանավորվել են։ Շատ բան են խոստանում, խոստանալ գիտեն։ Ճիշտ է, տարիների ընթացքում շատ բան չարեցին, և արդյունք չեղավ։ Բայց այն պայմանավորվածությունները, որոնք մշակվել են, թղթի վրա չմնացին, դրանք իրականացվում են փուլերով, քայլ առ քայլ։ Ամեն ինչ չէ, որ իրականացվում է այնպես, ինչպես ցանկանում եք, քանի որ դուք միշտ ցանկանում եք առավելագույնը, բայց միևնույն ժամանակ այն աշխատում է։ Հետեւաբար, ինձ թվում է, չի կարելի փոխարինել իրականը երեւակայականով»,- ասել է Զախարովան։

Մի խանգարեք իրականացնել Հայաստանի մասնատումն ու պետականության վերացումը, փիլիսոփայական զեղումներով ասում է Զախարովան։ Ավանդական մանթրան՝ եռակողմ հայտարարությունների կատարման մասին, արդեն երեսպաշտություն էլ չէ, այլ՝ «արյունալի անկման» ուղիղ սպառնալիք։ Այդ հայտարարությունները խախտվել են 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, եւ դրանց հետեւանքները վերացված չեն։ Այդ հայտարարությունները խախտվել են 2022 թ․ փետրվարին Պուտին-Ալիեւ ռազմավարական գործակցության համաձայնագրով, որում ռուսները պարտավորվում են աջակցել Բաքվի ռազմական նախաձեռնություններին, թեեւ Խծաբերդ-Հին Թաղերից սկսած առանց այդ թղթի էլ դա է տեղի ունենում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է միջազգային դիտորդությունը եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը բացառելու մասին։ Հասկանալի է թե ինչու՝ այդ պարագային փլուզվում է Հայաստանը մասնատելու եւ թուրքերին հանձնելու Կրեմլի պլանը։ ՌԴ-ն չի՞ ցանկանում, թե չի կարողանում ապահովել իր իսկ հեղինակած եռակողմ թղթերի իրագործումը՝ այս հարցն է քննարկում հայ հանրությունը, սակայն դա անիմաստ քննարկում է։ Բանն այն է, որ եռակողմ թղթերն իրականում միակողմանի են՝ ընդդեմ Հայաստանի։ Եվ այդ իրողությունն է ատամներով պաշտպանում ՌԴ ԱԳՆ-ն՝ ծանր խումհարների արանքում Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգներում։

Նկատեք՝ ոչ մի խոսք Բաքվի զորքերի ելման դիրքեր հեռացման, Բաքվի կողմից պարտավորությունների կատարման մասին։ 

https://www.lragir.am/2022/09/29/741452/