ՌԴ-ն ներգրավում է ՀԱՊԿ-ը․ Լավրովը հաստատում է ամենավատ կանխատեսումները

Հայաստանում ծավալված՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու շուրջ բուռն քննարկումների եւ այդ բլոկի գլխավոր քարտուղար Զասի երկու այցերի կապակցությամբ կանխատեսել էինք, որ Մոսկվան դիտարկում է ՀԱՊԿ ցուցանակի տակ իր ծրագրերն իրագործելու հնարավորությունը, եւ Զասի այցը կապված է հնարավոր տեղակայումների վայրերն ուսումնասիրու խնդրի հետ։

ՌԴ-ն Բերձորի միջանցքը հանձնելուց հետո Հայաստանի դեմ հայտնվել է դեմ առ դեմ, եւ այլեւս անհնար է թաքնվել թուրքերի հետեւում։ ՀԱՊԿ ցուցանակը լավ քողարկում է։ Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ ցուցանակը Մոսկվային պետք է շփման գծում միջազգային հնարավոր դիտորդական առաքելությունը կանխելու եւ բացառելու համար, նկատի առնելով արեւմտյան երկրների ցուցաբերած պատրաստակամությունը ռուս-թուրքական սեպտեմբերի ագրեսիայից հետո։

Եվ ահա, այսօր ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հավաքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը, «որպեսզի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար», ասել է նա։

Հակիրճ՝ որոնք են Հայաստանի դեմ Կրեմլի պլաններում ՀԱՊԿ «նոր» դերակատարության հիմնական ուղղությունները․

ՀԱՊԿ-ը լիովին օրինական հիմքերով հնարավորություն է տալիս հետախուզել Հայաստանի պաշտպանական կարողությունները, մարտական դիրքավորումները եւ բացառել անվտանգության ոլորտի, սպառազինության ձեռք բերման դիվերսիֆիկացիան։ Այս կերպ լուծվում է Մոսկվա-Անկարա համաձայնություններով Հայաստանի ապառազմականացման ու զինաթափման խնդիրը, պարբերաբար հարվածներով կորուստներ պատճառելով։

ՀԱՊԿ-ը արգելափակում է ոչ միայն Հայաստանին զենքի մատակարարման դիվերսիֆիկացիան, այլեւ հուսալի պատնեշ դնում միջազգային կառույցների խաղաղարար որեւէ նախաձեռնության առջեւ: ՌԴ-ն միջազգային կառույցներին հակադրում է իր «միջազգային» կառույցը, որին անդամակցում է Հայաստանը եւ որին դիմել է Հայաստանը։ Դա երեւաց ՄԱԿ ԱԽ-ում, երբ սեպտեմբերի ագրեսիայի կապակցությամբ Ֆրանսիայի բարձրացրած հարցի քննարկումը ՌԴ-ն տապալեց պարզ փաստարկով՝ բախումները տեղի են ունենում իբր վիճելի տարածքների վրա, բացի այդ ենթակա են լուծման Հայաստանի անդամակցած ՀԱՊԿ «միջազգային» կազմակերպության մասնակցությամբ: Հայաստանը ինքն է դիմել ՀԱՊԿ, թույլ տվեք ավարտին հասցնել մեր խաղաղարար ջանքերը: Տարածքային վեճը լուծվելու է սահմանազատման միջոցով, Ռուսաստանի հովանու ներքո՝ ահա ՌԴ փաստարկները:

Լավրովն այսօր փաստացի շարադրեց այս խնդիրները, հաստատելով մեր կանխատեսումները։ Մեկուսացված եւ զինաթափված Հայաստանը՝ խոցելի «սահմաններով», Հայաստանի պետականությունը վերացնելու Մոսկվայի ծրագրի իրագործման երաշխիքն է։ ՀԱՊԿ-ը հարմար ցուցանակ է եւ այդ պլանների օրինականացման միջոց։

Դիմելով ՀԱՊԿ-ին, ՀՀ իշխանությունը նկատի չի՞ առել այս հանգամանքը։ Եվ ո՞րն է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում Հայաստանում ռուսական շահերը սպասարկող խաժամուժի իրարանցման պատճառը։

https://www.lragir.am/2022/09/30/741614/