ԱՄՆ արագ արձագանքը Պուտինի որոշմանը․ Հայաստանը հայտնվեց ցուցակում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

«Մենք չենք կանգնի, քանի որ Պուտինը խաբեությամբ փորձում է միացնել Ուկրաինայի մի մասը: Ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ կառավարությունն այսօր կտրուկ միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի առանց այն էլ դեգրադացված ռազմարդյունաբերական համալիրն ավելի թուլացնելու և անօրինական պատերազմ վարելու նրա կարողությունը խաթարելու համար»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Իելենը։

Այսպես, ցուցակում ընդգրկված են 14 իրավաբանական անձինք ՌԴ ռազմարդյունաբերական համալիրից, ռուսական ֆինանսական ենթակառուցվածքի երեք հիմնական ղեկավարներ և որոշ ռուս պաշտոնյաների ամենամոտ ազգականները։ Ցուցակում ընդգրկված են նաև Ռուսաստանի խորհրդարանի 278 պատգամավորներ՝ Ռուսաստանի կեղծ հանրաքվեներին նպաստելու և Ուկրաինայի ինքնիշխան տարածքի բռնակցման փորձի համար։

Պատժամիջոցների տակ ընկածների թվում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հարազատները, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կինը և որդին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ընտանիքը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան և նրա տեղակալները, և շատ ուրիշներ:

ԱՄՆ-ը նաեւ վիզային սահմանափակումներ է կիրառում 910 մարդու համար, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության զինծառայողների և բելառուս զինվորականների։

Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի մի շարք ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար։ Դրանք հիմնականում էլեկտրոնիկա արտադրող ընկերություններ են։

https://www.lragir.am/2022/09/30/741725/