«Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին». Աննա Հակոբյանը գրել է․

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։
Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել էին իրենց եղբայրների փոխարեն, որոնք տարբեր պատճառներով չէին գնացել այդ քայլին։

Ունեինք Գերմանիայի հայտնի հիվանդանոցում իր աշխատանքը թողած և պատերազմի առաջին օրից հայրենիք վերադարձած երիտասարդ բժշկուհի, ով թիկունքում օգնություն էր ցույց տվել մարտի դաշտից դուրս բերված զինվորներին, բայց այլևս չէր կրողացել հանդուրժել վիրավոր, զոհված 18-20 տարեկան տղաների տեսարանը, և որոշել էի ինքն էլ զենք վերցնել և նրանց շարքերում լինել։
Ունեինք պատգամավոր, որ մասնակցելով զինվորների հոգեհանգիստներին ևտեսնելով նրանցից ոմանց՝ դեռևս մանկական դեմքերը չէր հանդուրժել այդ պատկերը, և ինքն իրեն ասել էր՝ եթե այս երեխաները կարող են զենք բռնել ու կռվել, ուրեմն՝ ե’ս էլ եմ կարող։

Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8 րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով։
Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։
Այդ կանայք բոլորը անարգանքի սյունին գամվեցին, քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին, հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որ պատճառ եղա, որպեսզի նրանց մեկ օրվա մեջ դարձնեն «շարքային անբարոյականներ»։

Ես դարերի հեռավորությունից ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք։
Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին, բոլոր այն հայ աղջիկներին ովքեր կծնվեն ու կապրեն մեզանից հետո.
— Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, եթե դու պատմության դասագրքերում երբևէ կկարդաս նախադասություն, «թե դարեր շարունակ հայ կինը ոչ միայն իր օջախն է պահել, այլև պատերազմի ժամանակ զենք է վերցրել ու հայրենիքն է պաշտպանել, ինչի ապացույցն է նաև՝ 21-րդ դարասկզբին պատերազմի ժամանակ կազմված Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատը», իմացիր, որ այդ նախադասությունը պարզապես պատմական կեղծիք է։ Պատմության խեղաթյուրում, անպարկեշտ սուտ։

Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում։
Ու սա թերևս միակ հարցն է, որի շուրջ այս ծանր ու խառը ժամանակներում կա լիարժեք համահայկական համաձայնություն։
Ի վերջո՝ ճիշտ է «Էրատո» ջոկատի կանանց հալածեցին-ծաղրեցին, իսկ Էրատո թագուհու անունը սեռական հայհոյանքի վերածեցին մի քանի հազար մարդ միայն, բայց դա տեղի ունեցավ մի քանի միլիոն մարդու համերաշխ լռության ներքո՝ թե Հայաստանում և թե Սփյուռքում։
Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, իսկ եթե կուզես իմանալ, թե որն էր իմ պատճառը, ինչու ես կազմեցի «Էրատո» ջոկատը, ապա կասեմ իհարկե։ Երբ փոքր էի, կարդում էի մեր բոլոր պատմավեպերը, հպարտ էի ինձ զգում և հավատում էի ամեն բառին։

Հավատացել էի նաև հայ կնոջ պատմական կերպարին։ Իմ պարտքն էի համարում նախորդ սերունդների արժանի ժառանգը լինել, և միևնույն ժամանակ դժոխային պատերազմի միջով անցնող իմ հայրենակիցներին դիմանալու ուժ ու տոկունություն փոխանցել։
Սրանք էին իմ պատճառներն ու նպատակները։
Բայց, ինչպես պարզվեց, միշտ չէ, որ մենք գրում ենք այն ամենի մասին, ինչ արել ենք, և առավել ես միշտ չէ, որ մենք անում ենք այն ամենը, ինչի մասին խոսում ենք։
Հ.Գ. Շաբաթներ առաջ Հայաստանի վրա ռազմական հարձակման ժամանակ զոհվեց հինգ հայ կին՝ զինծառայողներ ու աշխարհազորայիններ էին։ Նրանց մասին պատմությունը ճիշտ կլինի միշտ՝ նրանք Հերոս կլինեն պատմության էջերում և հիմա արդեն Հերոս են նաև մեր օրերում։
Այս կանայք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և միևնույն ժամանակ փրկեցին հինգ զավակի կյանք։
Հավերժ Խոնարում ու Փառք նրանց՝ Սուսաննա Գրիգորյանին, Անուշ Ապետյանին, Ալիսա Մելքոնյանին, Իրինա Գասպարյանին, Գայանե Աբգարյանին»։

Աղբյուրը` Աննա Հակոբյան