Պատրաստ եղեք, որ ռուսական զենքն ուղիղ կրակելու է մեզ վրա

Lragir.am-ի զրուցակիցն է Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը

Պարոն Ավագյան, Հայաստանի ուղղությամբ հերթական հարձակումն է, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է անել։

Հայաստանի այսօրվա իշխանությունները կարծես դիվանագիտական ճակատն ընդլայնում են, դա կարևոր է։ Այսօր մենք մի իրավիճակում ենք, որն արդեն տեսանելի է մեզ համար՝ դա ԱՄՆ մուտքն է Անդրկովկաս։ Եվ հաստատակամ մուտք է սա, ոչ միայն խոսքով, այլ գործողություններով։ Պարզապես ինձ համար անհասկանալի է՝ հայ մարդը թերահավատությամբ է նայում այս ամենին։ Փորձում են իրենց խաբելով հավատալ Ռուսաստանին, չնայած համոզվել են, որ դա սխալ է։ ԱՄՆ-ն իրենց չի խաբել, բայց չեն հավատում։ Հայաստանում մարդիկ ռուսական քարոզչության ազդեցության տակ են։ Բայց արդեն սկսել են հասկանալ, այս օրերին Հայաստանում եմ, ում հետ խոսում եմ, ասում եմ՝ մեր թշնամին առաջնահերթ Ռուսաստանն է։ Բայց թե դրանից հետո ո՞նց են որոշ մարդիկ շարունակում Ռուսաստանի գործողություններն արդարացնել, հասկանում եմ, թե քարոզչությունն ինչ հզոր ուժ ունի։ Հայ մարդը հասկանում է, որ մեր դեմ ելած թուրքի գործընկերը ռուսն է, բայց էլի պաշտպանում է ռուսին, հպարտանում է ռուսի զենքով, չնայած չկա զենք։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն քաղաքականությունն այս տարածաշրջանում շատ հաստատ է։ Հայաստանը պետք է օգտվի այս ամենից, և ես վստահ եմ, որ օգտվում են։ Ես այն կարծիքին եմ, որ այս աշխարհաքաղաքական խաղի մեջ մենք ոչ թե խաղացող ենք, այլ գործիք, քանի որ փոքր ենք։ Մեր տարածաշրջանում խաղն ի օգուտ մեզ է՝ շնորհիվ մեր ժողովրդավարական քաղաքականության, և մենք հաղթող կողմում ենք լինելու:

Ես Սյունիքի մարզում էի օրերս, և ինձ մոտ տպավորություն էր, որ ադրբեջանցիներն այն կողմից են առաջանում դեպի Հայաստան, ռուսներն էլ այս կողմից են ի վնաս մեզ գործում։ Նախ իրենք ոչնչով չեն մասնակցում այս ռազմական գործընթացներին, երկրորդ, առանցքային կետերում ռուսական անցակետեր են դրված։ Ինչի՞ համար է այս ամենն արվում։ Մենք զգոնությունը պետք է պահպանենք, օրերս զրուցել եմ երկրապահների և մյուս տղաների հետ, ասել եմ՝ տղերք, պատրաստ եղեք, որ ռուսական զենքն ուղիղ կրակելու է մեզ վրա։ Այն, որ այսօր Ադրբեջանի միջոցով է դա անում, մենք հասկանում ենք, բայց հաստատ համոզված եղեք, որ ռուսական զենքն ուղիղ կրակելու է մեր ժողովրդի վրա։ Ռուսն ահաբեկչական պետություն է, եթե ոչ այսօր, մեկ ամսվա ընթացքում դա փաստող բանաձև կընդունվի ՄԱԿ-ի կողմից։ Այսօր Ուկրաինայում իրենց կողմից կատարվող գործողություններն այլ կերպ չի կարելի բնութագրել, քան տեռոր։ Չեն կարողանում մարտի դաշտում ոչինչ անել, հեռահար հրթիռներով ռմբակոծում են խաղաղ քաղաքներն ու բազմահարկ շենքերը։

Այսինքն՝ պետք է նաև հարց դնել, որ ռուսական զորքը դո՞ւրս գա Հայաստանի տարածքից։

Միանշանակ է, որ ռուսական զորքը ոչ թե մեր անվտանգության, այլ մեր կործանման գրավականն է։ Եթե ռուսը կարող է իր եղբայր ազգին, որի 40 տոկոսն ազգությամբ ռուս են, ցեղասպանության ենթարկել միայն այն բանի համար, որ Ուկրաինան չի համակերպվում իր նվաստացումների հետ, հայերը պետք է պատրաստ լինեն։ Հենց Հայաստանի համար անվտանգության այլընտրանքային ճանապարհը փնտրելու գործողությունները կդառնան իրատեսական ու երևացող, ռուսը մեզ ուղղակի հարվածելու է։ Ես սա համոզվել եմ Ուկրաինայի օրինակով, եթե ռուսն այսօր մեծածավալ հարձակում է իրականացրել 40 մլն-ոց Ուկրիանայում, Հայաստանում դա անելը դժվար չէ, հատկապես, որ ՀՀ տարածքում առանցքային խաչմերուկներին այսօր իրենց անցակետերն են դրված։

Այսինքն՝ մենք այսօր բարդ իրավիճակում ենք, ամեն վայրկյան կարող ենք սպասել ռուսի հարձակմանը, ավելին, Ռուսաստանի հարձակումը Հայաստանի վրա այսօր ամենահավանականն է։ Ես փաստերով եմ համոզվում, որ դա այդպես է, իրենց տեղակայած պոստին էի նայում Սյունիքում, թվում է, թե պետք է պաշտպանվեն Ադրբեջանից, փշալարերը պետք է լինեն այն կողմի վրա, բայց այս կողմի վրա են։ Եթե դուք մեր կողմից եք դրել այդ պոստը, ինչո՞ւ եք մեզնից պաշտպանվում, չէ՞ որ թուրքից պետք է պաշտպանվեք։ Սրանք այնքան ակնառու փաստեր են, սա չտեսնել անհնար է։

https://www.lragir.am/2022/10/02/741995/