Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ոչ միայն հրթիռային համակարգեր․ Կարևոր մանրամասներ

Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով Հնդկաստանի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 478 272 300 մլն դրամի դրամաշնորհային աջակցություն: Այդ մասին հայտնի է դարձել կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում: Տեղեկությունն արժանի է ուշադրության, այդ թվում այն հրապարակումների ֆոնին, որ օրերս եղան Հնդկկաստանի հեղինակավոր մամուլում՝ Հայաստանին սպառազինության մատակարարման գործարքի վերաբերյալ: Մասնավորապես, խոսվում է ռեակտիվ հրետանային միջոցների տրամադրման մասին, որի մատակարարումները, ըստ տեղեկության, սկսելու են հոկտեմբերին:

Փաստացի, Հնդկաստանը Հայաստանի հետ գործակցությունը դիտարկում է ոչ միայն ռազմա-տեխնիկական ոլորտի, ոչ միայն անվտանգության ռազմա-քաղաքական հարցերի շրջանակում: Կամ ավելի ճիշտ կլինի թերևս ձևակերպումը, որ Հնդկաստանը Հայաստանի հետ հարաբերության առնչությամբ ռազմա-քաղաքական հետաքրքրությունը դիտարկում է ոչ միայն զուտ ռազմական կամ ռազմա-տեխնիկական բնագավառում գործակցությամբ, այլ քայլեր է ձեռնարկում նաև քաղաքացիական նշանակության ուղղություններով:

Սա թույլ է տալիս թերևս նկատել մի երանգ: Դելին, ըստ ամենայնի, փորձում է աշխատել Հայաստանի հանրային շերտերի հետ՝ Հայաստանի հետ գործակցությունը փորձելով տարածել այսպես ասած հասարակական-հյուսվածքային մակարդակում: Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված մոտ կես միլիարդ դրամի աջակցությունը խոսում է թերևս այդ մասին: Հայաստանն, անշուշտ, պետք է աշխատի Հնդկաստանի հետ այդ ծրագրերն առավել խորացնելու ուղղությամբ:

Ի վերջո, ավելի լայն հարցերում գործակցության արդյունավետությունը զգալիորեն պայմանավորվում է նաև այն հանգամանքով, թե տվյալ գործընկերության սուբյեկտի հանդեպ ինչպիսին է Հայաստանի հանրության վերաբերմունքը լայն իմաստով, ավելի խորքային ասպեկտներով: Միաժամանակ, Հնդկաստանի պատրաստակամությունը և աշխատանքի այդ մեթոդաբանության դրսևորումը հուշում է այն մասին, որ Դելիի հետաքրքրությունը ամենևին կարճաժամկետ չէ, հետևաբար կա համատեղ աշխատանքի բավականին մեծ դաշտ՝ հայ-հնդկական հարաբերության ընդգրկուն զարգացման ու խորացման համար, ինչն անշուշտ ունի Հայաստանի անվտանգության համակարգի կառավարման մեխանիզմներում շոշափելի դերակատարման ներուժ:

https://www.1in.am/3174035.html