ՌԴ ԱԳՆ խոսնակն արդարացրեց հայ գերիների գնդակահարությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան չի հանգստանում․ երկրորդ ճեպազրույցն անընդմեջ անդրադառնում է հայ գերիների սպանության տեսանյութին․ երեւում է առաջին ճեպազրույցում ասելիքը հստակ չէր եղել, եւ առաջացել է կրկին անդրադառնալու անհրաժեշտությունը։ Իսկ ասելիքն ու նպատակը մեկն է՝ արդարացնել Բաքվին, եւ եթե առաջին անգամ լավ չի ստացվել, ուրեմն նորից անել։ Ընդ որում, սպասել է, որ Բաքուն ինչ որ կեղծ տվյալներ տարածի, որօեսզի դրանցով «հավասարակշռի» իրավիճակը։

«Ցավոք, նման ինֆորմացիա հայտնվում է մշտապես, այն հնչեցնում են երկու կողմերը։ Մենք հնարավորություն ունենք ծանոթանալ այդ նյութերին ոչ միայն ԶԼՄ-ներում, այլեւ կողմերն են տվյալներ փոխանցում։ Բոլոր նման դեպքերն անհապաղ պահանջում են մանրակրկիտ եւ համակողմանի վերլուծություն, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների մասով», ասել է Զախարովան։

Կա կոնկրետ տեսանյութ՝ հայ գերիների սպանության կադրեր, որոնք չի հերքել անգամ Բաքուն։ Այդ տեսանյութի կապակցությամբ հասցեական հայտարարություն են տարածել բազմաթիվ երկրներ եւ կառույցներ, այդ թվում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ ՄԽ համանախագահ երկրները։ Նրանք պահանջել են նաեւ Բաքվի զորքերի հեռացումը ելման դիրքեր եւ բոլոր գերիների անհապաղ վերադարձը։ ՌԴ-ն այդպիսի բան չի պահանջել, չի դատապարտել հայ գերիների սպանությունը։

Զախարովայի այս հայտարարությունը Հայաստանի դեմ ոճրագործությունների հանդեպ ՌԴ դիրքորոշման դրսեւորումն է․ օրինակ, ՀՀ տարածք ներխուժումները Մոսկվան բնութագրում է որպես «սահմանային միջադեպ վիճելի տարածքում», ինչը նշանակում է ներխուժման արդարացում եւ «օրինականացում»։ Տեսանյութի անդրադարձն այդ տրամաբանության մեջ է, գումարած՝ հայերի հանդեպ շանտաժը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀՀ տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի անկարողությունը՝ հանդես գալ որպես իրավարար։ Դրանից հետո մեկ քայլ է մնացել առավել ուղիղ մեղադրանքի՝ ՌԴ-ն Հայաստանի դեմ ագրեսիայի հեղինակն ու «իրավարարն» է։

https://www.lragir.am/2022/10/06/742792/