Պրահայի «անակնկալները»․ Խնդիրը լուծված է

Պրահայի քառակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը գանգատվել է, որ Բաքուն չի արձագանքել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման իր առաջարկին: «Հայաստանը պատրաստ է տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը», ասել է Փաշինյանը, ինչով հաստատում է, որ Բաքուն պնդում է Հայաստանի տարածքով միջանցքը։

Կարող է շատերի մոտ հարց առաջանալ, թե այդ դեպքում Երեւանն ու Բաքուն միմյանց ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման ինչ հայտարարություն են արել, եթե Բաքուն պնդում է միջանցքը։ Էդմոն Մարուքյանն էլ խրոխտ հայտարարել է, թե այդ ճանաչումից հետո Բաքուն պետք է զորքը հանի Հայաստանից։

Սակայն նման հարցը կարող են տալ միայն խաղաղության ու 29,8-ի անհեթեթությանը հավատացողները, իսկ իրականությունն այլ է։ Բաքուն չի հրաժարվել իր տարածքային հավակնություններից, ինչի մասին նա հայտարարել է հենց Պրահայում, իսկ Պրահայի հայտարարությունը խոչընդոտ չէ դրա համար։ Ավելին՝ կարող է նույնիսկ օրինական հիմք դառնալ, կամ կգործի միակողմանի, ինչպես նոյեմբերի 9-ի այսպես կոչված եռակողմ հայտարարությունը։

Ռուս-թուրքական պահանջներին Հայաստանը իրավունքների լուրջ փաթեթ ուներ հակադրելու, ինչը չարվեց։ ՀՀ խորհրդարանը, ԱԳՆ-ն, պետական այլ մարմիններ գիտակցաբար խուսափեցին հայկական իրավունքների վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունելուց, իսկ վարչապետը ստանձնեց ռուս-թուրքական հատուկ հանձնարարություններով խոսնակի դերը, երբեմն-երբեմն ձեւ անելով, թե ռուսները խաբել են, Բաքուն տեսեք-տեսեք չի համաձայնում, եւ այլն։

29,8-խաղաղությունն օրակարգ չէր, այլ ագենտուրային ծրագիր միջազգային վերաձեւումների ներկայիս բուռն փուլում։ Այդ ծրագրով Պրահայում չեզոքացվեցին Բաքվի ու Անկարայի՝ Երեւանի մեն մի ստորագրությունից կախված լինելու խնդիրը եւ խոչընդոտները հայկական պետականության վերացման ճանապարհին։

https://www.lragir.am/2022/10/07/743019/