Ղրիմի կամրջի պայթյունի հետաքննությունը եւ ռուսական զլմ-ներում հրապարակումները հստակ ուղղորդվում են «հայկական հետք» ձեւավորելու վրա։ Պուտինը հայտարարել է, որ դա կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, ռուսական զլմ-ները չեն բացառում այլ երկրների հատուկ ծառայությունների մասնակցությունը։ Միեւնույն ժամանակ, համաշխարհային մամուլում փաստարկներ են բերվում Ղրիմի կամրջի պայթեցման՝ ՌԴ ՖՍԲ-ի պլանավորման վերաբերյալ։ Վերադառնանք «հայկական հետքին»․ Կրեմլը միջուկային զենքի կիրառման պատրվակ ստեղծելով, այդպիսով լուծում է նաեւ այլ խնդիր
Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը ասել էր, որ Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը անցել է Բուլղարիայով, Վրաստանով, Հայաստանով, Հյուսիսային Օսիայով եւ Կրասնոդարով։ Ըստ ռուսական զլմ-ների, բեռը Բուլղարիայից հասցվել է վրացական Փոթի նավահանգիստ Ուկրաինայի քաղաքացու պատվերով։ Փոթիից բեռնատարը գնացել է Հայաստան՝ մաքսազերծման համար, վերադարձել Վրաստան եւ Վերին Լարսով հասել ՌԴ Արմավիր քաղաք, որտեղ բեռը բարձվել է Յուսուբովի բեռնատարին։ Մինչ այդ, բեռը գտնվել է հայերին պատկանող ընկերության պահեստում, որտեղ էլ, ըստ քննության նախնական տվյալների, տեղադրվել է պայթուցիկը։ Այվազյանները ձերբակալվել են։
Ինչու են բեռը Վրաստանից բերել Հայաստան եւ մաքսազերծել, հետո կրկին տարել Վրաստան․ տարօրինակ է, որ Երեւանը չի բացատրում Հայաստանում գտնվելու նպատակը։
Նկատենք, որ միակ ձերբակալվածները հայեր են, ավելին՝ ռուսական մամուլում տրվում են նրանց անունները, ինչն արգելված է ռուսական օրենքներով (123․ru)։ Նշենք, որ չի նշվում առաջին բեռնատարի (Փոթիից Արմավիր) վարորդի անունը, ով նույնպես հարցաքննվել է եւ, դատելով տեղեկություններից, չի ձերբակալվել։ Հրապարակումներով արդեն արանքից հանվում է Հյուսիսային Օսիան (Lenta), թեեւ, ինչպես նշվում էր Պուտինին Բաստրիկինի զեկույցում, բեռն անցել է ռուս-վրացական սահմանը, այսինքն ենթարկվել է ռուսական հատուկ ծառայությունների զննումը։ Այսինքն, ամենեւին բացառված չէ նաեւ նրանց ուղիղ մասնակցությունը «Կամուրջ» օպերացիային, միջուկային հարվածի պատրվակ ստեղծելու համար։ Խնամքով հանվում է նաեւ Վրաստանը, թիրախում թողնելով միայն հայերին, ինչը ռուս-թուրքական համագործակցության հստակ նշաններ են։
Ակնհայտ է ՌԴ հատուկ ծառայությունների ձեռագիրը, որը կարելի է համեմատել Սումգայիթի մեկնարկն ազդարարած ԽՍՀՄ գլխավոր ռազմական դատախազ Կատուսեւի սադրանքի հետ, ով հայտարարել էր, թե ազգությամբ հայերը Լեռնային Ղարաբաղում երկու ադրբեջանցի են սպանել։ Ինչպես տեսնում ենք, օպերացիայի եւս մեկ թիրախը Կովկաս-Սեւծովյան շրջանի հայությունն է։ Ազատյանների անունն անընդհատ հոլովվելու է երկու նպատակով․ հակաուկրաինական ալիքին, որը դեպի դուրս է, ավելացնել ալիքը հայերի վրա երկրի ներսում, եւ երկրորդ՝ ճնշում գործադրել Հայաստանի հանրության վրա Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիային հակազդելու հարցում։
Ակնհայտ է նաեւ թուրքական շահագրգռությունն այսպիսի զարգացմամբ։ Ընդհանուր առմամբ ուրվագծվում է ոչ միայն Հայաստանի (Արցախը ներառյալ), այլեւ Ռուսաստանի հարավը հայաթափելու վերջնական հանգրվանը՝ ՌԴ նահանջի եւ շրջանը թուրքերին հանձնելու ռազմավարության շրջանակում (Լրագիրը բազմիցս անդրադարձել է ՌԴ հարավի հայության խնդիրներին)։ Այս ծրագրի ակտիվ մասնակիցն է ՔՊ-ական ագենտուրան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարց է մնում Սերժ Սարգսյանի դերակատարությունը 2018 թվականի լայնամասշտաբ դուխով հակահայ օպերացիային։
Հետաքրքրիր է նաեւ պարզել Մոսկվայում Ալեն Սիմոնյանի եւ հայերին մեղադրելու կապը, որն այնշուշտ պետք է լինի, եթե նկատի առնենք Պրագայում ՔՊ ագենտուրայի ինքնաբացահայտումը։ Փաշինյանն ու խմբակը չանցան «Նախիջեւանը լակմուսի թուղթ» թեսթը։