Ինչ առաջարկ է արել Պուտինը Փաշինյանին և Ալիևին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին Աստանայում կմասնակցի ԱՊՀ Վեհաժողովին: Աստանայի լայն օրակարգում մի խնդրի մասին արդեն իսկ հայտնի է: Ինչպես դիտարկում էինք Պրահայից հետո՝ Աստանային ընդառաջ, օրակարգում կա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման հարց, սակայն ոչ Աստանայում: ՌԴ նախագահի օգնական Ուշակովը նախօրեին հայտնել էր, որ Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին անելու է մոտ ապագայում եռակողմ Վեհաժողով կազմակերպելու առաջարկ, ակնկալելով, որ կողմերը կընդունեն այն: Այն, որ Ռուսաստանը ձգտելու է այդպիսի Վեհաժողովի, թերևս զարմանալի չէ, հաշվի առնելով այն արևմտյան աշխուժությունը, որ կա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ռուսաստանը ձգտելու է պահել իր դիրքերը: Հարցն այն է սակայն, թե ինչ գնով կամ ինչ օրակարգով, և այդ բովանդակությունն ինչ հարաբերակցության մեջ է լինելու այն նախաձեռնությունների հետ, որ քննարկվում են արևմտյան շրջանակով: Ըստ ամենայնի, Ռուսաստանը շարունակելու է շեշտել նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը: Մյուս կողմից սակայն, որքան շեշտվում է այդ հանգամանքը, այնքան ավելի ակնառու է դառնում այդ եռակողմ հայտարարությունների հետ իրականության «շեղումը», որ սովորաբար տեղի է ունենում Հայաստանի հաշվին:

Հենց այստեղ է, որ Երևանը փորձում է այլընտրանքային լուծումներ կամ երաշխիքներ փնտրել այլ ուղղություններում, մասնավորապես Արևմուտքի հետ աշխատանքում: Դա առաջացնում է ՌԴ խանդը, սակայն այդ իմաստով Հայաստանը թերևս բավականին անկեղծ է՝ խնդիրը ոչ թե այն է, որ Երևանը վեկտոր է փոխում, այլ այն, որ Երևանը փնտրում է անվտանգության չախշատող կամ վատ աշխատող մեխանիզմի բացերը լրացնելու հնարավորություն:

Անշուշտ, բոլորի համար է հասկանալի, որ այդ գործընթացները ունեն աշխարհաքաղաքական շատ ավելի բարդ խորք և ոչ միարժեք շերտեր ու երանգներ, սակայն այդ իրականությունը կամ այդ իրողությունը կա անկախ այն բանից՝ Հայաստանը փնտրում է լրացուցիչ հնարավորություն, թե ոչ: Փոխարենը, եթե Հայաստանը չի աշխատում այդ ուղղությամբ, աշխարհաքաղաքական շերտերը միևնույն է շարունակում են «աշխատել», «գործել», ունենալ իրենց ազդեցությունը, հետևանքը, փոխարենը Հայաստանն է զրկվում այդ ամենից եկող ռիսկերը կառավարելու հնարավորությունից: Իսկ դա իր հերթին բարձրացնում է այդ ռիսկերի համար ՌԴ պատասխանատվությունը, հետևաբար նաև պատասխանատվությունը այն դեպքերում, երբ դրանք դառնում են ցավագին իրականություն: Հետևաբար, եթե Մոսկվան իրապես պատասխանատու չէ այդ ցավոտ իրողությունների, ադրբեջանական սադրանքների, ռազմական շանտաժի և ագրեսիայի համար, պետք է թերևս չլինի այդ ամենից եկող ռիսկերը կառավարելու լրացուցիչ, հավելյալ հնարավորություն փնտրելու ուղղությամբ Հայաստանի աշխատանքի խոչընդոտ: Մյուս կողմից, Երևանի համար էլ անշուշտ կարևոր հարց է այդ աշխատանքը իրականացնել սեփական ռիսկերը կառավարելու, բայց միևնույն ժամանակ նաև ՌԴ համար զգայուն ռիսկեր չառաջացնելու հմտությամբ:

Հակառակը կլինի ոչ թե աշխատանք, այլ ինչ որ իմաստով արկածախնդրություն, որի որևէ հետևանք հազիվ թե մեղմվի այն հանգամանքից, որ դրա մեղավոր և պատասխանատու կհռչակվի Ռուսաստանը:

https://armbloginfo.ru/%d5%ab%d5%b6%d5%