Ալիևի մարտահրավերը նախագահ Մակրոնին. պատասխանը հենց Ալիևի ստորագրությունն է

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մեկի հետ չի պատրաստվում քննարկել իր ներքին հարցերը: Ալլիևը այդ մասին հայտարարել է Արցախի հայության խնդիրներին և առնչությամբ Ստեփանակերտ-Բաքու շփումների վերաբերյալ հայտարարություններին: «Մենք ոչ մի կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը։ Եվ որքան ես հասկացա Պրահայում կայացած հանդիպման արդյունքում՝ այդ թեման ոչ մի տարընթերցում չէր առաջացնում քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև» , հայտարարել է Ալիևը Աստանայում ԱՊՀ Վեհաժողովում: Այդ հայտարարությամբ նա մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությանը, մասնավորապես քառակողմ հանդիպման մասնակից վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև քառակողմ հանդիպման մյուս երկու մասնակիցներին, ավելին՝ նախաձեռնողներին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և ԵԽ նախագահ Միշելին: Ավելին, Մակրոնի համար այդ մարտահրավերը հատկապես «աչք ծակող» է, հաշվի առնելով այն ելույթը, որ նա ունեցավ օրերս ֆրանսիական հեռուստաընկերությունում, հայտնելով Հայաստանին իր աջակցությունը:

Փաստացի ստացվում է, որ Ալիևը ասում է, թե Մակրոնն ու Միշելը համակարծիք են իր հետ, որ Արցախի հարցը Ադրբեջանի «ներքին հարցն» է: Ըստ այդմ, Ֆրանսիայի նախագահը թերևս որևէ մակարդակով պետք է արձագանքի, արդյո՞ք Արցախի հարցը համարում է Ադրբեջանի «ներքին հարց», և ա՞յդ պայմանով է Ֆրանսիան պատրաստ միշտ լինել Հայաստանի կողքին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը քառակողմ հանդիպմանը հղում անելու փոխարեն, թերևս պետք է հղում անի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որի տակ կա նաև իր ստորագրությունն ու որը գործնականում այն մասին է, որ կա Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտություն, կա այդ հակամարտության առկայությունը հաստատող «շփման գիծ» հասկացություն, և էլի որոշակի դրույթներ ու ձևակերպումներ, որոնք վկայում են և փաստում՝ այդ թվում Ալիևի ստորագրությամբ, որ դա Ադրբեջանի «ներքին գործը» չէ: Ընդ որում, նոյեմբերի 9-ի փաստաթղթին կարող է հղում տալ նաև Ֆրանսիայի նախագահը, կամ Փարիզի որևէ պաշտոնյա, այդ կերպ հերքելով Ալիևի այն հայտարարությունը, թե իր մոտեցումը Պրահայում չի եղել տարընթերցման ենթակա:

Ի դեպ, Ֆրանսիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության մասին արտահայտվել է բազմիցս և այստեղ իհարկե հարցին պետք է մոտենալ ավելի լայն համատեքստում: Ֆրանսիայի համար այդ փաստաթուղթը կովկասյան դերակատարության որոշակի «խարիսխ» է, քանի որ մնացյալ սցենարների ռազմավարության պարագայում Փարիզը հազիվ թե լինի մրցունակ, անգամ եթե իրադարձությունների ընթացքը կառուցվի Վաշինգտոնի ռազմավարության համատեքստում:

Ֆրանսիայի նախագահը անկասկած լավ է պատկերացնում այդ հանգամանքը և հենց դրանով է պայմանավորված թերևս և այն, որ նա իր դիվանագիտական աշխատանքը աշխուժացնում է այն աշխուժությանը զուգահեռ, որ դրսևորում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի բավականին բարձրաստիճան մակարդակով: Այստեղ սակայն Ֆրանսիայի համար բարդություն է ներկայացնում այն հակամարտությունը, որ կա Արևմուտքի և ՌԴ միջև, ինչը լրջորեն սահմանափակում է Փարիզի դիվանագիտական մանևրի հնարավորությունը, թեև միաժամանակ խորքային, իրական քաղաքականության ռեժիմում կտրուկ բարձրացնում դրա անհրաժեշտությունը:

https://www.1in.am/3178046.html