Ալիեւը մատնեց Պուտինին

«Ի՞նչ էր տեղի ունենում սահմանին վերջին երկու տարիներին։ 5000 ռուս զինվորականներ ենթադրաբար այնտեղ են սահմանը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը դարերի պատմություն ունի ու Ադրբեջանի խաղն են խաղացել Թուրքիայի հետ՝ Հայաստանին թուլացնելու համար», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

Մակրոնը, նրանից առաջ էլ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կոլոնան Ռուսաստանին փաստացի մեղադրել են Հայաստանի դեմ Մոսկվա-Բաքու-Անկարա համաձայնեցված ու համատեղ ագրեսիայի մեջ, ընդգծելով ՌԴ դերն այս հարցում։ Պուտինն ի պատասխան անընդունելի է համարել Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի դերի մասին։ Ըստ Պուտինի՝ «այս խոսքերում չկա բուն հակամարտության ընթացքի ըմբռնում, չկա տեղեկատվություն կողմերի դիրքորոշման մասին»։

«Կողմերի դիրքորոշումը» շտապեց հայտնել Պուտինի պրոքսի Ալիեւը․ «Ադրբեջանը կտրականապես մերժում և դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին»։ Նա ասել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ է սեպտեմբերին դադարեցվել բախումները պետությունների սահմանին։

Իր հերթին, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանն ասել է, որ «Թուրքիային ոչ մի կերպ չի կարելի մեղադրել Կովկասն ապակայունացնելու գործում «Ռուսաստանի հետ գործակցելու» մեջ։ 2020 թվականին Թուրքիան քաղաքականապես աջակցել է Ադրբեջանին վերջինիս տարածքի օկուպացիան վերացնելու համար»։

Հիշեցնենք, որ Մոսկվան տապալել է ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի վերաբերյալ քննարկումները եւ չի պահանջել Բաքվի զորքի դուրսբերումը։ Միայն այս հանգամանքը բավարար է մեղադրանքի համար։

Ինչպես տեսնում ենք, Մոսկվա-Բաքու-Անկարա ներդաշնակությունը դրսեւորվում է բոլոր հարցերում, տվյալ պարագայում՝ բացահայտված կազմակերպված հանցախմբին բնորոշ չքմեղությամբ։ Միեւնույն ժամանակ, Ալիեւը Պուտինին իր աջակցությամբ մատնում է ՌԴ դերակատարությունը, հաստատելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն անկողմնակալ իրավարար չէ։

Ինչն է այս հանցախմբի իրարանցման պատճառը։ Առաջին անգամ միջազգային բարձր մակարդակով արձանագրվում է Հայաստանի դեմ համատեղ ահաբեկչական արշավի իրողությունը եւ Ռուսաստանի կողմից Բաքվի քայլերի պլանավորումն ու առաջնորդությունը՝ ՀՀ տարածքների օկուպացիայի եւ արտատարածքային միջանցքի համար։ Ալիեւի պարագային այլ հանգամանք էլ կա՝ փլուզվում է «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի» իր սիրամարգային կերպարը։

ԱՄՆ Պետդեպն այսօր նույնպես կասկած է հայտնել «Ռուսաստանի ջանքերի» կապակցությամբ։ Հավանական է՝ ԱՄՆ-ն նույնպես հնչեցնի ավելի առարկայական գնահատականներ։ Ոճրագործ եռյակին Նիկոլ Փաշինյանն ու ռուսանպաստ «ընդդիմությունն» էլ արդեն չեն օգնի։

https://www.lragir.am/2022/10/15/744544/