Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա հիսուն տոկոսով։ Այս հուսադրող նորությունը մեզ շրջապատող քաոսում կմնա անտեր, եթե չգտնվի այդ հիսունը հիսունապատկելու հայկական բանաձևը։ Եթե կուզեք, սա ոչ թե հարկային նշաձող է, այլ անժամկետ պատվեր հայությանը՝ տասը միլիոն նոմինալ հայի։
Ամենամեծ խայտառակությունը կլինի այդ պատվերը ձախողելը, որովհետև մեզ թողել են միայն զինվելու ճանապարհը, որն ամենապատվովն անցան հրեաները, հենց հրեական նպատակի համար Իսրայել պետության պատվերն անթերի կատարելու գնով։ Եվրամիության, թե մեկ այլ դիտորդական առաքելությունն, անկասկած նվաճում է, բայց մեծագույն խաբկանք է այդ առաքելությունն անվտանգային բարձիկի հետ շփոթելը։
Այն երկրները, որոնք դիտորդներ կուղարկեն հայկական սահման, հարցրեք նրանց, թե ինչ գին են վճարում նրանք մեկ պաշտպանված զինվորի համար։ Սպառված է նաև երկար-բարակ մտածելու ժամանակը․ Հայաստանի ազգային ժողովի նախագահի՝ մենք անվտանգային երկարաժամկետ լուծումների ժամանակ չունենք պատասխանը դրա ծանր խոստովանությունն է։
Ուրիշ ինչպես եք պատկերացնում մեր էքզիստենցիալ կռիվը գյուղացու ոչխար գողացող բանակի դեմ, ճիշտ այն ժամանակ, երբ քո երկրի պաշտպանությանը մասնակցած պաշտոնյան թիկունքում որոշում է գործ տալ սեփական երկրի դեմ տեռորիզմի կեղծ մեղադրանքով։ Ցույց կտա որևէ մեկը՝ քաղաքական այդ այլանդակությունը մեր ռազմական բյուջեի որ տողով է մաքրվելու․․․
Նվեր Մնացականյան