Իրանը պատրաստվում է «անցնել Արաքսը». Կարևոր մանրամասներ

Երկուշաբթի առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսել Արաքսի շրջանում՝ Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ նահանգների հյուսիսում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրն ասել է, որ մշակվում են գիշերային հարձակողական գործողություններ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, Արաքս գետի վրայով կամրջի կառուցում, հաղորդակցությունների և բարձունքների գրավում և վերահսկում։

Վերջին երկու տարիների ընթացքում Իրանը առնվազն երրորդ խոշոր զորավարժություններն է անցկացնում Հայաստանի օկուպացված շրջանների սահմանին։ 2021 թվականի հոկտեմբերին Իրանը ծանր տեխնիկա է տեղակայել իր հյուսիսային սահմանին՝ զգուշացնելով, որ թույլ չի տա աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններ։

Իրանական ներկայիս զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանի հարավը բռնակցելու անթաքույց փորձերի ֆոնին։ Ֆրանսիան ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին ագրեսիայի փորձի մեջ, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ Ռուսաստանի գործողությունները նման չեն խաղաղության հաստատման ջանքերին։

Իրանական վարժանքների Արաքս գետով անցման, ճանապարհների գրավման սցենարը վկայում է այն մասին, որ Իրանը պատրաստվում է ռազմական գործողությունների իր սահմանին։ Ավելին, Թեհրանի ռազմական միջամտությունը չի բացառվում, եթե «երրորդ ուժերի» կողմից փորձ արվի վերահսկողության տակ առնել Հայաստանն Իրանը կապող ճանապարհները։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա գրառումը նույնպես հնարավոր ռազմական ագրեսիայի անուղղակի հաստատում է․ ««Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։

Բաքուն և Մոսկվան ուշադրության չեն էլ արժանացրել Հայաստանի առաջարկները, և միջանցքի ուժային բացման հավանականությունն ու ժամկետները կախված են Իրանի և Արևմուտքի դիրքորոշումից։

https://www.lragir.am/2022/10/17/744758/