Բաքուն և Անկարան ահա այսպես արձագանքեցին Հայաստանի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիրթերյան գրառումը՝ հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետի ստեղծման նախաձեռնության վերաբերյալ, արժանացել է արձագանքի Բաքվից, և անուղղակի իմաստով նաև Անկարայից: Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ Հայաստանը հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգը առաջ մղելու համար արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ է դրել երեք սահմանային անցակետի բացման նախաձեռնությունը և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Մինչ այդ, Աստանայում ԱՊՀ Վեհաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին նկատել էր, որ Բաքուն առ այսօր չի տվել դրական արձագանք:

Ինչու՞ է Հայաստանի վարչապետն Աստանայից հետո որոշել վերստին բարձրաձայնել հարցը և խոսել արձագանքի սպասելու մասին, այնքան էլ պարզ չէ, սակայն հարց է առաջացնում, թե արդյո՞ք Աստանայում եղել է այդ թեմայով առարկայական խոսակցություն: Միևնույն ժամանակ, եթե այդպիսին եղել է, ապա գոնե առերևույթ նշաններն այն են, որ այդ խոսակցությունը հեռու է համաձայնությունից: Համենայն դեպս, Բաքվի ԱԳՆ –ն արձագանքելով Հայաստանի վարչապետին հայտարարություն է տարածել, թե՝ «Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով»։

Ադրբեջանն անիրատեսական է համարել անցակետերի հայաստանյան առաջարկը կամ նախաձեռնությունը, ասելով, թե լավ չէ անտեսել 20 ամիս տևած քննարկումները: Դրան զուգահեռ, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտգործնախարարների հավաքին հայտարարել է, թե Ադրբեջաննը իրավացիորեն պահանջում է, որ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ ունի Լաչինի միջանցքը:

Փաստացի, Ադրբեջանն ու Թուրքիան մերժում են Հայաստանի նախաձեռնությունը և պահանջում «արտատարածքային» միջանցք: Նախ, թեև նրանք խոսում են այդ պահանջի իբրև թե հիմքերի մասին, գործնականում սակայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ թե այդ պահանջի հիմքն է, այլ հիմքը Երևանի այն դիրքորոշման, որ չի կարող լինել Լաչինի միջանցքի և Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցության ճանապարհի որևէ նույնացում: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիշատակում է մեկ միջանցք և այդ միջանցքը Լաչինի միջանցքն է: Երևանը պնդում է, որ չի կարող քննարկվել Հայաստանի տարածքով որևէ միջանցքի, ու այդ պնդումը հիմնավորող փաստաթղթի տակ, ի դեպ, կա թե ՌԴ նախագահի, թե Ալիևի ստորագրությունը: Բայց, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են այդ պնդումները, օգտագործելով թերևս հանգամանքը, որ Ռուսաստանի համար կովկասյան հաղորդուղիների ապաշրջափակումը հայտնի իրողությունների հետևանքով դարձել է կենսական անհրաժեշտություն:

Խոշոր հաշվով, Բաքուն ու Անկարան պայման դնում են Մոսկվայի առաջ, որպեսզի նա էլ իր հերթին պարտադրի Հայաստանին: Այդ պայմաններում կարո՞ղ է իրատեսական լինել «խաղաղության պայմանագրի» որևէ հեռանկար: Ավելի հավանական է թվում մյուս՝ լարվածության աճի սցենարը, եթե իհարկե առերևույթ իրարամերժ հայտարարությունների ներքո չեն ծավալվում քննարկումներ, որոնք այդքան էլ նույնական չեն հրապարակային դիրքավորումներին և հրապարակավ հայտարարությունները հնչում են հենց ավելի շուտ «քողարկման» նկատառումով: Սա իհարկե կարող է հիշեցնել կոնսպիրոլոգիական սցենար, սակայն կամ գործ ունենք այդօրինակ իրադրության հետ, կամ իրավիճակը փակուղային է, ըստ այդմ դրանով նաև հղի որևէ պահի լարվածության նոր բռնկումով: Իսկ դա գործնականում կախված կարող է լինել այն իրավիճակից, որ կա ուժային կենտրոնների միջև, որոնց բախման գլխավոր թատերաբեմը այսօր Ուկրաինան է և որտեղ իրադարձությունները կարծես թե մտնում են նոր թեժ փուլ:

https://www.1in.am/3178711.html