Հերթական հարվածից առաջ կրեմլը հակահայ կեղտոտ ալիք բարձրացրեց.

Ռուսական պաշտոնական, կիսապաշտոնական մեդիան, ռազմական բլոգ տիրույթում հակահայ հիստերիայի նոր ալիք են բարձրացրել Ղրիմի կամրջի պայթյունի կապակցությամբ ՌԴ ՖՍԲ պաշտոնական վարկածի հրապարակումից հետո։ Պայթյունն ամուր կապվում է Հայաստանի ու հայերի հետ, ձերբակալվածների մեծ մասը հայեր են։ Նշվում են ձերբակալվածների ոչ միայն ազգությունը, այլեւ անունները, ինչը, նկատենք, արգելված է ՌԴ օրենքներով։

Հայաստանի պատկան մարմինների արձագանքները եւ հրապարակած փաստերը հերքում են ՖՍԲ վարկածի շատ հանգամանքներ։ Միաժամանակ, կամրջի պայթյունի ՖՍԲ վարկածը կասկածի տակ են դնում ոչ միայն միջազգային, այլեւ ռուսական քիչ թե շատ անկախ փորձագիտական-մասնագիտական շրջանակները, որոնք ՖՍԲ հաղորդագրության մեջ աղաղակող անհամապատասխանություններ են գտել։ Ավելին, այս շրջանակները դեռ Ուկրաինա ներխուժման սկզբում նշում էին, որ Կրեմլի ցուցումով ՖՍԲ-ն պետք է կազմակերպեր խոշոր ահաբեկչություններ ու սադրանքներ «այլ դրոշի տակ», տարբեր երկրներում սեփական լայն ագենտուրայի ներգրավմամբ։ Այդպիսով, դրանք «ունիվերսալ» գործողություններ են, որոնք հնարավորություն են տալիս թիրախավորել ցանկացած երկիր, ցանկացած ոլորտ՝ կախված Կրեմլի տվյալ պահի քաղաքական խնդիրներից։

Հյուսիսային հոսք գազատարների վնասումը, Ղրիմի կամրջի պայթյունները ներգրված են Կրեմլի ծրագրերին։ Գազատարների վթարը հնարավորություն է տալիս դադարեցնել գազամատակարարումը Եվրոպային ֆորս մաժորի պատճառաբանությամբ եւ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար դատական բազմամիլիարդ հայցերից խուսափելով։ Բանն այն է, որ Արեւմուտքը պատրաստվում է գնային եւ այլ սահմանափակումներ կիրառել ռուսական էներգակիրների դեմ, էմբարգոյի հեռանկարով, եւ ՌԴ-ն փորձում է «կանխարգելիչ» քայլերով լուծել այդ խնդիրը։

Ուժեղացնելով էներգետիկ ճնշումը՝ Արեւմուտքին իր պայմաններով հրադադարի հարկադրելու նպատակով, Կրեմլը Թուրքիայի հետ պայմանավորվել է ստեղծել գազային հաբ՝ ռուսական գազը որպես թուրքական կամ «ադրբեջանական» Եվրոպային վաճառելու համար։ Դա, Պուտինի մտահղացմամբ, հնարավորություն կտա խուսափել թե գնային սահմանափակումներից, թե էմբարգոյից։ Սակայն դրա համար անհրաժեշտ են նոր հաղորդակցություններ ու «գորշ սխեմաներ», եւ այդպիսին է դիտարկվում Հայաստանի հարավը։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է արդեն խոստովանել, որ միջանցքի անխափան գործելու համար Ռուսաստանին անհրաժեշտ էր Հայաստանի հարավի (նկատի է առնվում նաեւ Արցախի հարավը, այդ թվում Հադրութի շրջանը) գրավումը։ Եթե Արցախի դեպքում դա ռուսների կողմից պատճառաբանվեց որպես «Ադրբեջանի տարածք», թեեւ թե Իրանը, թե միջազգային հանրությունը ընդգծում են աշխարհքաղաքական սահմանների, այդ թվում՝ ԼՂԻՄ վարչական սահմանի հարցը, Սյունիքի մարզի դեպքում առաջանում է «միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ու սահմանների» խնդիրը, Իրանի ու Արեւմուտքի կոշտ դիրքով։

Հայաստանի հարավի օկուպացիայի խնդիրը ՌԴ-ն մտադիր է լուծել ՀԱՊԿ-ի ցուցանակի ներքո՝ Բաքվին դիտորդի կարգավիճակ շնորհելով եւ ընդլայնելով «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ինքն է դիմել ՀԱՊԿ-ին, իսկ Բաքվի ներխուժումները Մոսկվան համարում է սահմանային բախումներ վիճելի տարածքներում։ Հենց այս պատճառաբանությամբ Մոսկվան տապալեց ՀՀ դեմ ագրեսիայի հարցով քննարկումները ՄԱԿ-ում։ ՀՀ հարավի օկուպացիան արդեն կհամարվի «ներքին բախում վիճելի տարածքում», որը ենթակա է ՀԱՊԿ շրջանակում կարգավորման։ Բաքվի բոլոր փաստարկները համաձայնեցված են Կրեմլի հետ։

Հայաստանի դեմ հերթական հարվածից առաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան քարոզչական ֆոն, տվյալ դեպքում՝ Ղրիմի կամրջի պայթյունին Հայաստանի եւ հայերի առնչությունը, ինչն էլ արդեն իրագործում են Կրեմլի պրոպագանդոններն ու հայաստանյան նրանց կցորդները։ Լրագիրն արդեն անդրադարձել է այս հարցին, որ Ղրիմի պայթյունի թիրախը հայությունն է։ Դրա ուղիղ վկայությունն է մի ուշագրավ հանգամանք․ Օրերս ՌԴ Բելգորոդի մարզի ուսումնավարժարանում, ըստ ՌԴ ՊՆ վարկածի, տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, երբ «ԱՊՀ երկրներից մեկի» երեք քաղաքացիներ գնդակահարել են տասնյակ մոբիլիզացվածների, նրանցից երկուսը վնասազերծվել են։ Ուշադրություն դարձնենք՝ չի նշվում, թե ԱՊՀ որ երկրի քաղաքացիներն են, պահպանելով ՌԴ օրենսդրությունը։ Սակայն ոչ պաշտոնական ալիքները հրապարակեցին մանրամասներ, որ նրանք տաջիկներ են։ Դեպքը տեղի է ունեցել Աստանայի վեհաժողովի օրը, որտեղ Տաջիկստանի նախագահ Ռահմոնը կոշտ հայտարարություն էր արել ՌԴ եւ մասնավորապես Պուտինի քաղաքականության վերաբերյալ։ Բայց հիմա ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապված ռուսական ռազմական բլոգ տիրույթը եւ ֆաշիստական ալիքները, որոնք Կրեմլի քարոզչական հենարանն են, պահանջում են փոխել ՌԴ ՊՆ վարկածը եւ տաջիկների փոխարեն «գրել» հայեր։

https://armbloginfo.ru/%d5%b0%d5%a5%d6%