Հրատապ․ ԱՄՆ դիվանագետն ահա թե ինչ մտահոգիչ հայտարարություն արեց Կովկասի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդենտ Պատելը ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող երկրները ինչպես պետք է վերաբերեն ռուս-իրանական դաշինքին, արել է բավականին մտհոգիչ հայտարարություն: «Ես միայն կօգտվեմ այս առիթից՝ ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը՝ ներառյալ տարածաշրջանի երկրները, ներառյալ նշված որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք:

Մի կողմից՝ ունենք Ռուսաստան, որը մասնակցում է բարբարոսական, անօրինական և անարդար ներխուժմանը մեկ այլ երկիր, իսկ մյուս կողմից՝ ունենք Իրան, որը հայտնի է տարածաշրջանում ապակայունացնող, բռնի գործողությունների մասնակցությամբ: Այնպես որ՝ պետք է մտահոգվի ողջ տարածաշրջանը», ասել է Պատելը: Մի կողմ թողնենք Ռուսաստանին և Իրանին տրրվող հայտնի գնահատականները: Խնդիրը կամ մտահոգության առարկան թերևս այն է, թե ինչ տողատակ է պարունակում Վեդենտ Պատելի այն հայտարարությունը, թե Հարավային Կովկասի երկրները պետք է մտահոգվեն ռուս-իրանական դաշինքից:

Հարց է առաջանում, մտահոգվեն և ի՞նչ անեն, որովհետև հասկանալի է, որ մտահոգությունն ինքնին ոչինչ է: Մտահոգվեն և չգործակցե՞ն Ռուսաստանի և Իրանի հետ, թե՞ մտահոգվեն ու աշխատեն Ռուսաստանի և Իրանի դեմ՝ Արևմուտքի հետ: Իսկ այդ դեպքում արդյո՞ք չեն առաջանա Ռուսաստանի և Իրանի դաշինքով մտահոգվելու նոր և ավելի ծանր պատճառներ: Կամ, ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակի հայտարարությունը հնարավո՞ր է դիտարկել այն համատեքստում, որ ռուս-իրանական դաշինքի խորացումը կխորացնի ռեգիոնում ապակայունացմամբ այդ դաշինքի համար խնդիրներ ստեղծելու գործողությունների անհրաժեշտությունը, ինչը կնշանակի նոր պատերազմ Կովկասում՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի, բնականաբար Ադրբեջանի և Հայաստանի ներքաշումով և ավելին՝ հայ-ադրբեջանական հակամարտության «առիթով»:

Այդպիսով, ակնառու են այն բազմաբնույթ շերտերը, որ կան ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակի հայտարարությունում և որոնք իհարկե չեն կարող ինքնին չլինել մտահոգության պատճառ: Այդ իմաստով, սակայն, մտահոգություն պետք է ունենա թերևս ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանն ու ոչ պակաս՝ Ադրբեջանը: Որովհետև, եթե ռեգիոնի վերաբերյալ կայացվեց հակաիրանական կամ հակառուսական, և կամ՝ թե հակաիրանական, թե հակառուսական նոր պատերազմի ռազմա-քաղաքական որոշում, ապա այդ պարագայում հազիվ թե երաշխավորված լինի կովկասյան երեք հանրապետություններից որևէ մեկի անվտանգությունն ու հաղթանակը, որքան էլ Ադրբեջանը զբաղված է ցուցադրական «մկանախաղով»:

https://www.1in.am/3179834.html