ՀՀ համարձակ հայտը. ինչ է ասել իրանցի գեներալը

Իրանի իսլամական հեղափոխությունների կորպուսի նախկին հրամանատար, ներկայումս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ մի շարք երկրներ պաշտոնապես դիմել են Իրանին հարվածային անօդաչուներ ձեռք բերելու հայտով: Իրանցի գեներալը հայտարարել է, որ այդ երկրների շարքում է նաև Հայաստանը: Թե Հայաստանը երբ է ներկայացրել այդ հայտը, երբ է դիմել իրանական անօդաչուների համար, մանրամասներ գոնե առայժմ հայտնի չեն:

Իրանցի գեներալի հայտարարությունը խոսում է Հայաստանի բավականին համարձակ քայլի մասին: Բանն այն է, որ Իրանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերության հարցում խիստ զգայուն է Արևմուտքը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները: Առավել ևս ներկայումս այդ զգայունությունը թերևս բազմապատկվում է այն հանգամանքի բերումով, որ արևմտյան տեղեկատվական օրակարգում գերիշխող է դարձել իրանական անօդաչուներով Ուկրաինային հարվածելու թեման, որի համար մեղադրում են Ռուսաստանին: Կիևը պնդում է, որ այդ անօդաչուներով և հրթիռներով հարվածներ են հասցվում քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հարցը նախօրեին բերվել է անգամ ՄԱԿ ԱԽ օրակարգ, իսկ Վաշինգտոնը հայտարարել, որ եվրոպացի դաշնակիցների հետ պատրաստ է քննարկել ընդհուպ պատժամիջոցների հարցը՝ Ռուսաստանին Իրանի անօդաչուների վաճառքի համար: Ռուսաստանն ու Իրանը պաշտոնապես հերքում են վաճառքի փաստը: Ահա այդ միջազգային միջավայրում հնչում է իրանցի գեներալի հայտարարությունը, որ Հայաստանը անօդաչուներ գնելու հայտ ներկայացրած պետությունների շարքում է: Դրանք շարքում, ի դեպ, իրանցի գեներալը նշել է նաև Սերբիան:

Այն, որ հարվածայյին անօդաչուները Հայաստանի համար գրեթե կենսական անհրաժեշտության սպառազինության տեսակ են, թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Միաժամանակ, իրավիճակը պարունակում է մի շարք հարցեր, կապված ոչ միայն Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ արձագանքի հետ, այլ նաև հենց Իրանի: Իրանը հայտարարում է, որ Հայաստանը ներկայացրել է հայտ: Իսկ Իրանը պատրա՞ստ է բավարարել այդ հայտը, և ի՞նչ քաղաքական պայմաններով: Թե՞ իրանցի գեներալի հայտարարությունն ընդամենը Բաքվին ուղղված ակնարկ է, Ադրբեջանին , հնարավոր է նաև Թուրքիային «քաղաքական առևտրի» հրավիրելու քայլ: 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանը ևս դիմել է Իրանին սպառազինություն գնելու հայտերով, որոնք սակայն չեն արժանացել բավարար արձագանքի: Այժմ իհարկե ռեգիոնում այլ ռազմա-քաղաքական պատկեր ու որոշակիորեն այլ տրամաբանություն է՝ աշխարհաքաղաքական բոլորովին այլ մթնոլորտ, սակայն այդուհանդերձ հարցը, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է Հայաստանին տրամադրել սպառազինություն, որը փաստացի ուղղված է լինելու Ադրբեջանի դեմ, մնում է բաց: Հատկապես, որ իսկապես պետք է հասկանալ, թե իրանցի գեներալի ինչի՞ն էր պետք է «բացել» Հայաստանի դիմումի հանգամանքը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի հայտը նաև ցուցիչ է, թե «կարմիր գծերի» մասին հայտարարող Թեհրանը որքանով է գործնականում պատրաստ աշխատել այդ տրամաբանությամբ, որովհետև տվյալ պարագայում խոսքը վերաբերում է հենց այդ կարմիր գծերին՝ պետական սահմանների անձեռնմխելիությանը, ինքն ապահովելու համար է Հայաստանին անհրաժեշտ պաշտպանական կարողությունների գեներացումը: Միաժամանակ, իրանական անօդաչուների ձեռքբերման հայտը որոշակի ինդիկատոր է նաև Հայաստանի անվտանգության հարցում արևմտյան գործնական իրական մտադրությունների տեսանկյունից:

Եթե օրինակ Արևմուտքը հայտարարում է, թե Հայաստանին ավելի էական ռազմական օժանդակություն տրամադրելու հարցում խանգարում է ՀԱՊԿ, ապա թերևս նաև պետք է պատկերացնի, թե Հայաստանի համար ինչպիսի քաղաքական ռիսկեր է պարունակում ՀԱՊԿ անդամության չեղարկման որոշումը: Իսկ Իրանը ՀԱՊԿ անդամությունը չի դիտարկում խոչընդոտ, ու քանի որ Հայաստանը իսկապես ունի ՀԱՊԿ հանդեպ կտրուկ գործողությունների հարցում քաղաքական լրջագույն ռիսկեր հաշվարկելու բարդ խնդիրը, փորձում է պաշտպանական խնդիրները լուծելու համար փնտրել այլ հնարավորություններ:

https://www.1in.am/3180103.html