Իրանի խիստ պայմանը Երևանին. Պայթյունից 5 րոպե առաջ

Կապանում այսօր բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում:

«Իրանը ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- նշել է Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանի բացման արարողության ժաման։

Նրա խոսքով, Իրանի քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները. «Երևանում Իրանի, ինչպես նաև Կապանում հյուպատոսության իմ գործընկերների ջանքերով կաշխատենք, որ 2 երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնենք։ Սյունիքի մարզը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ»-ի կարևորագույն հատվածներից մեկը։

Մենք Հայաստանը համարում ենք «Հյուսիս-Հարավ» մայրուղում գտնվող կարևոր երկրներից մեկը, և մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումները այս ուղով ավելի զարգանան»,- ասել է նա։

Արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Այսօր, Կապանում պաշտոնական Թեհրանը կարևոր ուղերձ հղեց, որ՝ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և որ Իրանը հարգում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը հիշեցրեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը փոխադարձաբար Թավրիզ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել:

Նկատենք, որ Իրանի ԱԳ նախարարը Հայաստանում է երեկվանից: Նախօրեին նա հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Նրանց համատեղ ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը շեշտեց, որ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը:
Խիստ ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ֆոնին։

Երեկ էլ Երևանում հստակ ասվեց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը…

Իրանական կողմը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը, հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում: «Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը», — ընդգծեց նա:

Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը՝ հայտարարելով. «դա մեր կարմիր գիծն է»: «Կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նույնիսկ յուրաքանչյուր նմանատիպ մտածելակերպին», — ասաց Աբդոլլահիանը:

Իրանն, ինչպես հայտնի է, ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ Թեհրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխություն։ Անցած շաբաթ, մասնավորապես, նախագահ Ռայիսին է այդ մասին ասել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, նախօրեին էլ արտգործնախարարն է հայտարարել` «Իրանը թույլ չի տվել, որ Հայաստանի հետ հաղորդակցման ուղին փակվի և հանուն դրա «գնացել է մինչև տարածաշրջանում զորավարժության անցկացում»։
Այսպիսով, պաշտոնական Թեհրանի հայտարարություններն ավելի ու ավելի կոշտ են դառնում, ընդհուպ մինչև այն, որ Իրանը շեշտում է, որ հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը:

Թեհրանը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը, Երևանում հստակ շեշտեց Իրանի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում:

Մինչդեռ այս օրերին հայաստանյան իշխանական էլիտան ոգևորված է Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության այցով: Արդյո՞ք սա ևս Թեհրանին անհանգստացնող հանգամանք չէ: Մի կողմից Ադրբեջան-Իսրայել կապն է, մյուս կողմից Հայաստանի հանդեպ Արևմուտքի, վերջին շրջանի խիստ մեծ հետաքրքրությունը:

Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելությունը, ինչպես հայտնի է, երեկ այցելել է Սյունիքի մարզ և արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին լրատվականներին հայտնել է Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ եվրոպացի մասնագետները Սյունիքում տեղակայված Հատուկ զորամիավորման հրամանատարի հետ եղել են Կապանի շրջանի Սրաշեն, Շիկահող և Ներքին հանդ բնակավայրերում, ներկայացրել սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, և այն վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո։

Լրագրողների հարցին, թե որտե՞ղ են տեղակայվելու, փոխմարզպետը պատասխանել է. «Ենթադրվում է Կապանում, դեռ վերջնական կքննարկվեն: Ժամկետներ դեռ չնշվեցին, դա երևի մեր Արտաքին գործերի նախարարության և Անվտանգության խորհրդի հետ ճշտեք»: Հարցին էլ՝ «այցելած վայրերից հնարավո՞ր էր դիտարկել ադրբեջանական զինուժի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում», Հարությունյանը պատասխանեց. «Բացառապես այդ նպատակն ունեինք և արձանագրել ենք, իրենք տեղում տեսել և արձանագրել են»:

Նկատենք, որ ավելի վաղ Եվրամիության գնահատման առաքելությունը այցելել էր սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից տուժած Ջերմուկ քաղաք։ Փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն Ազատությանը փոխանցել էր, որ եվրոպացի մասնագետները և՛ քաղաքում, և՛ քաղաքից դուրս ծանոթացել են ստեղծված իրավիճակին, արձանագրել վնասները։

Թե արդո՞ք ԵՄ քաղաքացիական դիտորդներ կտեղակայվեն նաև Ջերմուկում, առայժմ հայտնի չէ։

Եվրամիության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիք, մասնավորապես, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ՝ պատվիրակությանը ներկայացրել են նաև Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի, այդ թվում՝ Սոթքի և Կութի մասին տեղեկատվություն։

Նշվում էր, որ Եվրամիության 40 քաղաքացիական դիտորդները մինչև այս ամսվա վերջ պետք է ժամանեն Հայաստան՝ տեղակայվելով հայ- ադրբեջանական սահմանին։ Մինչ այդ, հոկտեմբերի 14-ից Հայաստանում է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը։

Անցած օրերին Հայաստանի սահմանային տարբեր շրջաններ այցելած մասնագիտական խումբը պետք է որոշի, թե առաջիկա օրերին Հայաստան ժամանող դիտորդները կոնկրետ ո՞ր վայրերում են տեղակայվելու։

Եվրամիության դիտորդներին զուգահեռ, պաշտոնական Երևանի հրավերով այսօր մեկ շաբաթով Հայաստան է ժամանում ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը։ ԵԱՀԿ-ի փոխանցմամբ՝ այս առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է:

Հայաստանի սահմանին, Սյունիքում, ինչպես նկատում ենք, բախվում են տարածաշրջանային բոլոր խաղացողների շահերը: Մեր երկիրն, իսկապես հայտնվել է տարածաշրջանային հետաքրքրությունների ու բախումների կիզակետում և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթեցնել տարածաշրջանը:

Իրանի անհանգստություններն այս առումով էլ միանգամայն հասկանալի են: Եթե Վաշինգտոնն ու Բրյուսելն մեր տարածաշրջանում ՌԴ-ի «տեղն» են փորձում զբաղեցնել, ուրեմն, Թեհրանը Ադրբեջան-Իսրայել «դաշինքից» բացի այլ «ճակատում» էլ մտահոգություններ պետք է ունենա:

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=692972&l=am