Հայաստանի տարածքը խախտելու հետևանք Ադրբեջանի համար

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է արել Հայաստան ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործուղման վերաբերյալ, նշելով, որ այն Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի ջանքի արդյունք է և լրացուցիչ նշանակություն կունենա Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության հարգման հարցում: Ֆրանսիայի նախկկին դեսպանը նկատում է, որ ԵԱՀԿ որոշումը հաջորդում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը: Հաղորդագրություն տարածվեց, որ ԵԱՀԿ որոշում է կայացրել հոկտեմբերի 21-27-ը Հայաստան գործուղել մոնիտորինգային յոթնօրյա առաքելություն, որը տեղում կգնահատի սահմանային իրավիճակը:

Նախօրեին իր աշխատանքը սկսեց նաև ԵՄ դիտորդական 40 հոգանոց խումբը, որն այցելել էր Վարդենիսի շրջան: Այս մեխանիզմները անշուշտ չափազանց կարևոր են Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջության ու սահմանների անձեռնմխելիության հարցում, թեև իհարկե գերագնահատել դրանց ազդեցությունն ու նշանակությունը՝ նույնպես պետք չէ: Առավել ևս, երբ չնայած այդ աշխատանքին, Ադրբեջանը համենայն դեպս արդեն մի քանի օր պարբերաբար խախտում է հրադադարը, ինչի մասին հաղորդագրություն է տարածում Հայաստանի ՊՆ-ն: Այդուհանդերձ, մի բան է իհարկե հրադադարի խախտումը, մեկ այլ բան ագրեսիան և հարձակումը տարածք գրավելու նպատակով:

ԵՄ ու ԵԱՀԿ առաքելությունները իհարկե այդ հարցում կունենան որոշակի զսպող դեր, թեև արդեն այսօր հարկ է մտածել, որպեսզի այդ դերը չլինի կարճաժամկետ: Այդ ամենով հանդերձ, անշուշտ գնահատելով Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության միջազգային ցանկացած ջանք՝ անկախ մասշտաբից, հարկ է նաև դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջության վերականգնման խնդիրը: Եթե միջազգային կառույցները արձանագրում են, որ կա խախտում, ապա պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը: Այլապես բացարձակապես կորում է առաքելությունների իմաստը:

Հակառակ պարագայում, կարող է ստացվել, որ այդ առաքելությունները ավելի շատ լուծելով հետագա ագրեսիա թույլ չտալու՝ իրապես կարևոր հարցը իհարկե, այդուհանդերձ կամա, թե ակամա ստեղծում են իրավիճակ, երբ ֆիքսվում և դե ֆակտո, անուղղակի, լատենտ տրամաբանությամբ, սակայն լեգիտիմացվում է արդեն իսկ տեղի ունեցած խախտումը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանք է: Այստեղ է, որ դիրքորոշման ամբողջությունը պահանջում է քայլերի հստակ տրամաբանություն, որոնք պետք է ամենևին ոչ հեռու ապագայում հասնեն այն կետին, երբ նույն միջազգային կառույցները պետք է դնեն արդեն իսկ տեղի ունեցած տարածքային ամբողջության խախտման հետևանքի վերացման խնդիր, իսկ չվերացնելու դեպքում՝ հստակ ուրվագծեն և սահմանեն դրա հետևանքը Ադրբեջանի համար:

https://www.1in.am/3180227.html