Սպանես` Վիտալի Բալասանյանն այս մասին ծպտուն չի հանի…

Ընդամենը օրեր առաջ ուշագրավ մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Վազգեն Սարգսյանը պատմում էր, թե ինչ քայլերի է գնացել Լևոն Տեր-Պետրոսյանը արցախյան պատերազմում մեր բանակին զենք-զինամթերքով ապահովելու համար, և ինչ արդյունքների է դա բերել:

Սպանես, Վիտալի Բալասանյանն այս մասին ծպտուն չի հանի: Իրեն հարցնես, կպատասխանի, որ զենքերը իրենք իրենց էին Արցախ հասնում, որ հակաօդային պաշտպանության համակարգերը թաքուն են բերել, օրինակ՝ Բրազիլիայից, որ ռազմական ուղղաթիռները, տանկերը, դիզվառելիքը հողի միջից էին հանում: Ամեն ինչ կասի, միայն թե հանկարծ չնկատի Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ավանդը արցախյան հերոսամարտում: Ուրացողության այս ալիքը մարդկանց դրդում է նման անբարո վարքագծի: Մինչև վերջին խազը սրանք ուրանալու են ամեն ինչ, ոչ մի սրբություն հաշվի չեն առնելու:

Մեկնումեկդ տարեք ու Վիտալի Բալասանյանին ցույց տվեք, թե ինչպես էին ժամանակին իրենք օրհնում Տեր-Պետրոսյանին՝ պատերազմի հաղթանակների համար: Տեսեք, թե Քոչարյանը 1996 թվականի սեպտեմբերին ինչ էր ասել, մեջբերենք.

«Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանը: Մի քանի օրից մենք կնշենք նաև Հայաստանի անկախության հռչակման 5-ամյակը, և ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, և ինձ թվում է, որ Հայաստանում և սփյուռքում նույնպես»:

Մեզ դժվարությամբ ենք զսպում, որպեսզի ավելի կոշտ բառեր չասենք նման ուտող-ուրացող մարդկանց հասցեին: Դա թողնենք Մարինա Պողոսյանին, նրա մոտ լավ է ստացվում:

Իսկ ամենադիպուկը սրանց մասին Վանո Սիրադեղյանն է ասել. «Ընկերոջ ուրացողությունն ավարտվում է հայրենիքի ուրացողությամբ»:

Հ.Գ. 2012 թվականի Արցախի ընտրությունների նախաշեմին, որպես Արցախի նախագահի հիմնական մրցակից թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ՀՀ ղեկավարներից միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ 1995 թվականին Արցախում արված լուսանկարն էր տեղադրել:

http://medianews.site/90807/