Զելենսկիի կոչն Իսրայելին․ Հայաստանից Իրան

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Իսրայելում կայացած Haaretz-ի դեմոկրատական ​​ժողովում հորդորել է Իսրայելին կողմնորոշվել՝ արդյոք ցանկանում է լինել ամբողջ ժողովրդավարական աշխարհի հետ, թե՞ նրանց հետ, ովքեր աչք են փակում ռուսական ագրեսիայի վրա։ Կիեւը պարբերաբար դիմում է Իսրայելին զենքի մատակարարման համար, սակայն Թել Ավիվը մերժում է, սահմանափակվելով հումանիտար օգնությամբ։ Ռուսական բանակի կողմից ենթադրյալ իրանական անօդաչուների կիրառումից հետո հույսեր առաջացան, որ դա կարող է Իսրայելին ստիպել զենք մատակարարել Ուկրաինային, սակայն կրկին մերժում եղավ։

Ինչու Իսրայելը զենք չի մատակարարում Ուկրաինային։ Փորձագետներն ասում են, որ Իսրայելին պետք է ընբռնումով մոտենալ, եւ նրա դիրքորոշումը պատճառաբանում են նրանով, որ Մոսկվայի ու Թել Ավիվի միջեւ համաձայնություն կա, ըստ որի՝ ռուսական կողմը ոչ միայն չի խոչընդոտում, այլեւ աջակցում է Սիրիայում իրանական դիրքերին իսրայելական հարվածներին, մատակարարելով այդ թվում հետախուզական տվյալներ։ Եվ դրա դիմաց Իսրայելը պարտավորվել է ժամանակակից սպառազինություն չտրամադրել Ուկրաինային։

Այս համաձայնությունն իհարկե ձեռք է բերվել դեռ մինչեւ ռուսական ներխուժումն Ուկրաինա, ինչը լռության է մատնվում Կիեւի քարոզչության, այդ թվում՝ ռուսական լիբերալ «հակապուտինյան» փորձագետների կողմից։ Այնինչ, ՌԴ-Իսրայել համաձայնություններն առնչվում էին Հայաստանի դեմ 2020-ի ՌԴ նախաձեռնած արշավին, որն ուղղված էր նաեւ Իրանի դեմ, եւ դրան հրեից պետության աջակցությանը։ Այս կապակցությամբ միջազգային հետաքննության լայն նյութ կա, որին Լրագիրն անդրադարձել է բազմիցս։

Իրանի դեմ արշավի նպատակները խիստ թափանցիկ են։ Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ ուկրաինական քարոզչության մեջ ներգրված ռուսական լիբերալ «հակապուտինյան» փորձագետներ հակաիրանական ալիքի ֆոնին շարունակում են Իսրայելի պես ըմբռնումով մոտենալ Թուրքիային, որն, ըստ նրանց՝ «լոխի պես ֆռռացնում է» Պուտինին։ Մի երկու բայրաղթարն ու ցորենի գործարքը երեւի բավարար են նեղուցները ռուսական նավերի առաջ չփակելու, Ուկրաինային ռուսական պայմաններով խաղաղություն պարտադրելու ջանքերի, ռուսական տնտեսության համար օդանցք բացելու դիմաց, որի շնորհիվ ռուսները շարունակում են եկամուտներ ստանալ պատերազմը շարունակելու, եւ ստվերային սխեմաներով տեխնոլոգիաներ՝ սպառազինության արտադրանքն ապահովելու համար։ Այս քարոզիչները նաեւ թուրքերին հաջողություն են մաղթում Հայաստանի ու հայերի հարցի վերջնական փակման հարցում, իբր Ռուսաստանին թուլացնելու համար։

Մինչ ուկրաինական ժողովուրդն անպատմելի կորուստների ու ջանքերի գնով փորձում է պահպանել իր ինքնությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, քարոզիչների այս կոհորտը իր կեղտոտ առաջադրանքն է կատարում «ուկրաինական դրոշի» ներքո, որով սակայն անհնար է քողարկել դրա ծագումնաբանությունը։ Ուկրաինական ռազմա-քաղաքական ղեկավարությունը երկրի դեմ հյուսվող խարդավանքները վերացնելու խնդիր ունի՝ պետական ինքնիշխանությունը պահպանելու համար։

Կրեմլի «քաղաքական նոր ռազմավարության» թիրախը Հայաստանի եւ Ուկրաինայի պետականության ոչնչացումն է, եւ քաղաքական քննարկումների հարթակից Հայաստանի «անէացման» ագենտուրային ծրագիրն ուղիղ հարվածելու է Ուկրաինային։

https://www.lragir.am/2022/10/24/746002/