ԱՄՆ-ն Հայաստանի սահմանին․ Վաշինգտոնում հայտնեցին պայմանը

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։

Այսպիսով, ԱՄՆ ներկայացուցիչները միանում են եվրոպական դիտորդներին, որոնք երկու ամիս դիտարկելու են շփման գիծը։ ՀՀ իշխանությունն, ինչպես շատ հարցերում, արեւմտյան դիտորդությանը մոտենում ու այն մեկնաբանում է զուտ «ադրբեջանական ագրեսիան կանխելու» տեսակետից, մինչեւ կնքվի իր երազած «խաղաղության պայմանագիրը»։ Այդ գործին են լծված նրան սպասարկող զլմ-ները, որոնք, ինչպես եւ Փաշինյանին «ընդդիմադիր» շրջանակները, զուգահեռ տարածում են այն քարոզչական թեզերը, թե Արեւմուտքը որեւէ նոր բան չի առաջարկում, ավելին, պնդում է միջանցքի եւ Արցախը Բաքվին հանձնելու պահանջները։ Եվ որպեսզի ասվածն արժանահավատ լինի, այս ամենը համեմվում է Արեւմուտքի ու Ռուսաստանի մրցակցության, իրար դուրս մղելու ջանքերի վերաբերյալ պարզունակ դատողություններով։

Փաշինյանի ու իր «ընդդիմադիրների» ներդաշնակությունն ինչպես այս, այնպես էլ շատ այլ հարցերում ակնհայտ է՝ ռուս-թուրքական ագենտուրային ծրագրի սպասարկում աշխատանքի համապատասխան բաժանմամբ։ Տվյալ պարագային ակնհայտ է երկու իրողություն՝ Արեւմուտքի ներգրավվածության, ինչպես նաեւ միջազգային լեգալ կառույցներում խնդիրների իրավական լուծման ճանապարհի վարկաբեկում, եւ ավելի բարձր մակարդակում՝ ռուս-թուրքական ոճրագործ պլաններն արեւմտյան լեգալ հարթակներում լեգիտիմացնելու փորձ։

Արեւմուտքին պահանջների ֆոնին ավելի է ընդգծվում հայկական իշխող խմբակի ու դրա «ընդդիմադիրների» ագենտուրային բնույթը․ իրողությունների պատճառահետեւանքային կապի գիտակցված նենգափոխմամբ փորձ է արվում քողարկել ՀՀ խորհրդարանում, այլ հարթակներում հայկական իրավունքների ու շահերի վերաբերյալ քննարկումների սաբոտաժը, Հայաստանի դեմ ագրեսիայի, նոյեմբերի 9-ի թղթի քաղաքական ու իրավական գնահատականների, կարեւոր որոշումների կայացման բացառումը ռուս-թուրքական ծրագրերին հավատարմության հիմքով։

Արեւմուտքը դատապարտել է Բաքվի ներխուժումը ՀՀ տարածք, պահանջել զորքը հեռացնել ելման դիրքեր եւ հայտարարություններ արել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության աջակցության մասին։ Ավելին, առաջին անգամ ընդգծվել է Ռուսաստանի դերը Հայաստանի դեմ ագրեսիան առաջնորդելու հարցում։

Հայերը 29,8 եւ խաղաղություն են ուզում՝ Արեւմուտքը փորձում է աջակցել։ Ավելին արդեն կապված է հետեւյալ հարցի հետ՝ իսկ ինչ են ուզում հայերը 29,8-խաղաղությունից բացի եւ ինչի են պատրաստ, ինչ դերակատարության հայտ են պատրաստ ներկայացնել նոր աշխարհակարգի կառուցման գործընթացում։ ԱՄՆ ներկայացուցիչները Հայաստանին բաց ու թափանցիկ հասկացնում են՝ ավելին չեն կարող անել, քանի դեռ Հայաստանը պրոռուսական դաշինքներում է եւ ռուսական զորքն էլ Հայաստանում է։ Քանի որ օրինակ մատակարարված զենքը եւ հետախուզական աջակցությունը անմիջապես կհայտնվի ռուսների ձեռքին, իսկ քաղաքական աջակցությունը ծառայեցվում է ռուս-թուրքական ծրագրերի լեգիտիմացմանը։

ԱՄՆ-ն ու Արեւմուտքը 1980-90-ականներին աջակցեցին Հայաստանի արցախյան շարժմանը եւ պատերազմին, քանի որ դա հակագաղութային, ազատության համար շարժում էր եւ տեղավորվում էր համաշխարհային զարգացումների տրամաբանության մեջ։ Հայերի ներկայիս «տեսլականներն» այն տրամաբանության մեջ են, որը պետք է ոչնչացվի։ Սա է քաղաքականությունը, ցավոք թե բարեբախտաբար՝ իր ռիսկերով ու հնարավորություններով։

ԱՄՆ-ն ու Իրանը հայերին ցույց են տալիս ճանապարհը եւ իրենց աջակցությունը, հաճախ նույնիսկ՝ ստիպողաբար, ինչն աննախադեպ է։ Ջերմուկում ամերիկացիները, Սյունիքի մարզի հարավում իրանցիները կանգնեցրին Հայաստանի մասնատումը․ մնացյալը հայ ժողովրդի որոշելիքն է՝ ինչին պատրաստ է՝ այն էլ աջակցվելու է։

https://www.lragir.am/2022/10/24/745989/