Ահա թե ինչ սպառնալից հայտարարություններ է հնչեցնում Զախարովան․ Նա բացահայտ սպառնում է Հայաստանին

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանին Արևմուտքն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկում, իրականությանը չեն համապատասխանում, այլ կերպ ասած՝ ճիշտ չեն:

Գրիգորյանը նկատում է՝ հակառակը՝ Ռուսաստանն է Հայաստանից զիջումներ պահանջում, նրանք են Ադրբեջանի հետ համատեղ «Զանգեզուրի միջանցք»-ի հարց բարձրացնում:

«Ռուսաստանը միանշանակ աջակցում է Ադրբեջանին, նրանց կատարած ագրեսիան էլ ագրեսիա չի համարվում, այլ մինչսահմանային բախում: 44-օրյա պատերազմից հետո 2 տարի է անցել, ի՞նչ է արել Ռուսաստանը մեզ համար: Ոչ թե Արևմուտքն է շահարկում Հայաստանի հետ կապված հարցերը, այլ հենց Ռուսաստանն է Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ քայլեր կատարում: ՌԴ-ը ռազմական դաշնակցի իր պարտականությունները չի կատարում: Արևմուտքն է սկսել ակտիվ աշխատել Հարավային Կովկասի երկրների հետ, իսկ Ռուսաստանը «խանդով» է նայում այս ակտիվ միջամտությանը»,- կարծում է նա:

Հարցին՝ Մարիա Զախարովան ասել է, թե Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված սխեմաները, կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը Հայաստանին սպառնում է ուկրաինական սցենարո՞վ, Գրիգորյանն ասում է՝ ՌԴ-ը, հնարավոր է, Ադրբեջանի միջոցով լարվածությունն ակտիվացնի ՀՀ-ում:

«Այո, սա մասամբ սպառնալիք է, ակնարկ, որ վատ կլինի ձեզ համար, եթե շարունակեք ակտիվ աշխատել Արևմուտքի հետ: Սակայն մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Ընդդիմությունն էլ ասում է՝ դուք փչացնում եք հարաբերությունները Ռուսաստանի հետ. հարց է առաջանում՝ ի՞նչ է արել ՌԴ-ը մեզ համար, կանգնեցրե՞լ է Ադրբեջանի ագրեսիան. ոչինչ չի՛ արել, մի բան էլ համագործակցում է նրանց հետ: Նիկոլ Փաշինյանը փորձեց ՌԴ-ի հետ պահպանել հարաբերությունները, համբերատար սպասում էր Ռուսաստանի կողմից քայլերի, իսկ երբ տեսավ, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, ստիպված եղավ դիմել միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրամիությանը և այլն»,- ընդգծում է քաղաքագետը:

Վերջինս կարծում է՝ ՀՀ իշխանությունն ավելի վաղ պետք է արձագանքեր սպառնալիքներին և դիմեր միջազգային հանրությանը. «Որքա՞ն պետք է Հայաստանն սպասեր Ռուսաստանի աջակցությանը, այնքան, մինչև Հայաստանը մասնատեի՞ն, մինչև «Զանգեզուրի միջանցք» ասվածն իրականություն դարձնեի՞ն: Միայն իշխանությունը չէ պատասխանատու Հայաստանի համար, ընդդիմությունն էլ է պատասխանատու»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, թե Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ և ԵԱՀԿ խմբերի ներգրավելու որոշումը կայացվել է հապճեպ և լի է վտանգներով՝ զրուցակիցն ասում է՝ սա իրականում լրջագույն իրադարձություն է:

«Դիտորդական առաքելություն ուղարկելը Հայաստան ստրատեգիկ փոփոխություն է մեր տարածաշրջանի համար: ՌԴ խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում, նրանց զորքն է Հայաստանում: Իսկ հիմա ԵՄ և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները եկել են Հայաստան, և Ռուսաստանի մոնոպոլիան քանդվեց: Սա է պատճառը, որ ՌԴ-ն իր դժգոհություններն է հայտնում: Դիտորդները լրացուցիչ «աչքեր են», որոնք կհետևեն ու կարձանագրեն, թե ով է խախտում հրադադարը: Մինչ այս ՌԴ-ն կարող էր մանիպուլացնել՝ ասելով, թե սադրանքը Հայաստանի տարածքի նկատմամբ չէ, դա վիճելի տարածք է: Հիմա նրանք զրկվում են մանիպուլյացիոն հայտարարություններ անելուց»,- նկատում է նա:

Խոսելով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին՝ Գրիգորյանը նշում է՝ ուրախ է, որ ՀՀ իշխանությունն սկսել է օգտագործել «պերսոնա նոն գրատա» ինստիտուտը:

«Երբ որոշ դիվանագետներ դաժան ու սուբյեկտիվ կարծիք են հայտնում հայ ժողովրդի մասին, աղավաղում են մեր պատմությունը, Ղարաբաղի հարցի էությունը, պարզ է, որ պետք է օգտագործվի այդ ինստիտուտը, և ուրախ եմ, որ այն օգտագործվել է: Զատուլինը սխալ թույլ տվեց, երբ սկսեց խառնվել մեր ներքին գործերին, երբ խոսում էր, թե իշխանությունները պետք է հեռանան: Ես ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները սկսել են օգտագործել «պերսոնա նոն գրատա» ինստիտուտը, նրանք ճիշտ ճանապարհի վրա են»:

http://medianews.site/382039/