Ափսոսում եմ, որ բալիկներս ուշ են ծնվել. Գայանե Փայտյան. լուսանկարներ

Գայանեն ընդամենը 48 տարեկան էր, հասցրել էր հաջողությունների հասնել, ճանաչվել, սիրվել։ Նա ոչ միայն լրագրող էր, հաղորդավար, այլեւ սցենարիստ, բազմաթիվ վավերագրական ֆիլմերի հեղինակ։ Գայանեն մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր յուրաքանչյուր նախագծին, հաղորդմանը։ Այդ ժամանակաշրջանում ունեցած ձեռքբերումների հետ մեկտեղ, մի անգամ պարբերականներից մեկին տված հարցազրույցում Գայանեն ափսոսանք էր հայտնել, որ աշխատանքում կարող էր ավելին անել, բայց չարեց։ Դպրոցական տարիներին Գայանեն ցանկանում էր բժշկուհի դառնալ։

Տասներորդ դասարանում, երբ արդեն պետք է սկսեր կրկնուսույցների մոտ քիմիա, կենսաբանություն առարկաները պարապել, հանկարծակի որոշում է կայացնում՝ դառնալ լրագրող։ 1991թ. Գայանեն ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Երբ 1993-ին սրտի կաթվածից մահանում է հայրը’ Գայանեն ուսմանը զուգահեռ տարբեր աշխատանքներ է կատարում վատառողջ մոր և 5-ամյա քրոջ ապրուստն ապահովելու համար։ Նույնիսկ տպարանում գիշերային ժամերին սևագործ բանվոր է աշխատում՝ տառերի շարվածքն անում…

Դա այն դեպքում, երբ նա արդեն հեռուստատեսության աշխատակից էր, շատերի համար արդեն ճանաչելի դեմք, բայց բանվորի աշխատանքից չէր խորշում ու չէր ամաչում. ընտանիքի բեռը երիտասարդ աղջկա ուսերին էր։ Մասնագիտական բուռն գործունեությունը չխանգարեց նրա՝ հոգատար կին լինելուն. 2009 թվականին Գայանեն ամուսնանում է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ, նրանց ընտանիքում իշխում էր սերն ու հարգանքը։

Ինչպես Գայանեն էր սիրում ասել’ իր կյանքը երկու փուլ ուներ’ Էդիկից առաջ եւ հետո, ապա’ երեխաներից առաջ եւ հետո։ Գայանեն ինքն էլ երկար սպասված երեխա է եղել. ծնողները նրան սպասել են ամբողջ յոթ տարի։ Եվ կարծես պատմությունը կրկնվեց նաեւ Գայանեի կյանքում. 2017 թվականին’ երկար տարիների սպասումից հետո ծնվեցին երկվորյակ աղջիկները՝ Էվան եւ Էլլան, որոնք նոր ուժ ու ավյուն տվեցին երիտասարդ ընտանիքին…

Մի առիթով TV Mall-ին տված հարցազրույցի ժամանակ Գայանեն ասել էր. «Բալիկներս կարող էին ավելի շուտ ծնվել, ափսոս էր ժամանակը»։ Այո, իսկապես ափսոս էր ժամանակը… Հիշեցնենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը։ Լուսանկարները’ TV Mall-ից..

https://mediaroom.am/armenia/society/item/40107-2022-10-27-10-38-28.html