Պեմզաշենի սահմռկեցուցիչ դեպքը պահանջում է զգոնություն և մեծ պատասխանատվություն․ Կրկին վտանգնե՞ր կան

Գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարություն է տարածել Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ և նրա երկու մանկահասակ երեխաների դիերը, կտրող ծակող գործիքներով հասցված վնասվածքներով: Պատկերը խոսում է առանձնակի դաժան հանցագործության մասին, որը բացահայտելու ուղղությամբ կատարվում է քննություն, առայժմ սակայն առանց կոնկրետ արդյունքի կամ դրա մասին հանրային բարձրաձայնման:

Գլխավոր դատախազությունը այդ առնչությամբ հայտարարում է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու համար, իսկ մինչ այդ կոչ է անում հանրությանը, մեդիատիրույթի ներկայացուցիչներին չտարածել չճշտված տեղեկություններ, որոնք կարող են զգայուն հարցի վերաբերյալ ստեղծել հանրային ապատեղեկատվություն, տեղիք տալ զանազան երևակայական կամ մտացածին վարկածների և բերել խուճապի ու տագնապի: Իսկ խնդիրը իսկապես կա, հատկապես հաշվի առնելով այն, որ 7 տարի առաջ հենց նույն մարզում տեղի ունեցավ սարսափելի դեպքը՝ Պերմյակովի ոճրագործությունը, որի հետևանքով սպանվեց մի ամբողջ ընտանիք՝ մանկահասակ երեխաներով: Դրան գումարելով այն, որ հասարակությունը ներկայումս շատ ավելի բարդ հոգեբանական վիճակում է 44-օրյա պատերազմից հետո, ներկայիս անվտանգային մարտահրավերների և աշխարհաքաղաքական անորոշությունների հետևանքով, ակնառու է դառնում, թե այդօրինակ սահմռկեցուցիչ հանցագործությունները որքան ծանր ազդեցություն կթողնեն հանրային մտապատկերի և հոգեբանական վիճակի վրա:

Ըստ այդմ, Պեմզաշենում տեղի ունեցածի վերաբերյալ իրապես պետք է լինել չափազանց զուսպ ու զգայուն և չշրջանառել «լայքաբեր» տարատեսակ վարկածներ, թե հասարակական «փսիխոզի» նոր հիմքեր չստեղծելու, թե նաև պարզապես քննության ընթացքին չխանգարելու և չվնասելու համար:

Միևնույն ժամանակ, քննչական կառույցները պետք է աշխատեն իսկապես բազմապատկված ինտենսիվությամբ, որովհետև՝ անկախ , թե ինչ պատճառով կամ մոտիվով է տեղի ունեցած սարսափելի հանցագործությունը, այն կարող է իսկապես ծառայել տարատեսակ մանիպուլյացիաների, հատկապես, երբ այսօր չկա Հայաստանի հանդեպ այդօրինակ հնարքներ և ազդեցության գործիքներ կիրառելու թե ներքին, թե արտաքին սուբյեկտների պակաս: Ըստ այդմ, գոնե մինչ հանցագործության լիարժեք բացահայտումը և ամբողջական պատկերի պարզ դառնալը, իրադրությունը պետք է գնահատվի ընդհուպ ազգային անվտանգության ռիսկի մակարդակով և արժանանա համարժեք գերատեսչական վերաբերմունքի:

https://www.1in.am/3189270.html