ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանի դաշնակիցների ցանկից. Ահա թե ո՞րն է եղել ՀԱՊԿ-ի նպատակը Հայաստանի հանդեպ՝ ըստ Փաշինյանի․ Նա այդ մասին ահա ասպիսի հայտարարություն է արել

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը փաթեթավորված, գաղտնագրված բողոքի, դժգոհության հայտարարություն էր

Միջազգային հանրությունը պաշտպանում է Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման դիրքորոշմանը և Հայաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ն այս դիրքորոշումը ևս կպաշտպանի։ Այս մասին այսօր Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թվում է, թե ՀԱՊԿ-ը պիտի պաշտպաներ հստակ այս դիրքորոշումը ու մենք մյուս գործընկերների հետ պիտի աշխատեինք, բայց մենք հակառակ վիճակն ունենք ու հույս ունեմ, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք»,- հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել. «Ո՛չ, մենք ասում ենք` ո՞րն է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակին ու ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում, սա մեզ համար չափազանց կարևոր է»։

Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որ մշտապես կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ ներքին դիրքորոշում, անշուշտ կա, մեր թշնամու բարեկամի հետ հարաբերությունների առումով. «ՀԱՊԿ-ը բոլոր առիթներով, սկսած մեզ անհրաժեշտ և բավարար սպառազինություն, ռազմական նախապատրաստական ռեսուրսներ չտրամադրելուց և մեր դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ իր դասալքությամբ, դրդել է, պարտադրել է հատուկ վերաբերմունք իր նկատմամբ, այսինքն թշնամու բարեկամի նկատմամբ համոզմունք։

Հաջորդը, ակնհայտ է, որ պատերազմի արդյունքները մեզ համար անընդունելի են, բայց մեր ռազմական դաշինքը, եթե իրեն պարտված չի համարում, եթե ռևանշի ծրագրեր չունի, սա նշանակում է, որ նա հասել է իր նպատակին: Այսինքն իր նպատակը եղել է Հայաստանի տկարությունը, պարտությունը և ընկճվածությունը։ Եվ հիմա ես բոլոր նրանց, որոնք այդ մասին այլ կարծիք ունեն, ուզում եմ հարցնել՝ արդյոք քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ ՀՀ շահերը չեն գիտակցո՞ւմ։ Իհարկե գիտակցում են, մեր շահերից բխում է կտրուկ քայլերի դիմելը, ՀԱՊԿ-ին հայտարարել մեր պարտության պատասխանատուն և նրա հետ մեր հարաբերությունները դարձնել պատասխանատուի և տուժածի հարաբերություններ:

Մանավանդ, որ կա այլընտրանքը, կա չմիացած լինելու տարբերակը ռազմական որևէ դաշինքի, կամ միացած լինելու տարբերակը ՆԱՏՕ դաշինքին որևէ ձևով, որը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի կանոնադրությունը: Կամ երկկողմանի պայմանագրեր ունենալ մեզ դաշնակից, մեզ հետ արժեքային նույն համակարգում գտնվող երկրների հետ:

Նրանք հայտարարել են, որ պատրաստ են դեմոկրատական Հայաստանի հետ լինել դաշնակցային հարաբերությունների մեջ և երաշխավորել ՀՀ պետական անվտանգությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը»,-ասաց Ազատ Արշակյանը:

Նա նկատեց, որ ասվածի վառ վկայությունն է  Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված բանաձևը Հայաստանին աջակցելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և ագրեսորին՝ մեր հակառակորդին դատապարտելու մասին։ «Հիմա մեր երկրի վարչապետը ի՞նչ հնարանք է օգտագործում դաշնակցին շնորհակալություն ասելու, մեր թշնամու դաշնակցին ոչ ասելու համար։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաթեթավորված, գաղտնագրված բողոքի, դժգոհության հայտարարություն էր»,-ասաց Արշակյանը:

Հարցին,թ ե նոյեմբերի 23-ին արդյոք այդ կոնսենսուրսը կլինի, նա պատասխանեց. «Կոնսենսուս ինչի՞ մասին, ագրեսորին մեր տարածքներից դուրս շպրտելու հետ կապված ՀԱՊԿ-ը կարո՞ղ է այդ կոնսենսուսն ունենալ, մենք այդքան հեռացե՞լ ենք իրականությունից։ Կոնսեսուս ինչի՞ մասին, մեր կապիտուլյացիայի՞ մասին, կոնսենսուս մեզ մխիթարելո՞ւ մասին: Այդպիսի կոնսենսում կլինի, բայց արդյոք սա՞ է մեզ պետք։

ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանի դաշնակիցների ցանկից, նա արդեն հեռացել է, և մենք ինչ ենք հիմա քննարկում: Այլընտրանքը շտապ միջազգային դերակատարների մեջ փնտրել և այլընտրանքային դաշնակից գտնելն է»:

https://www.1in.am/3192033.html